Առաջիկա օրերին կառավարության ծրագիրը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Ծրագրով նախանշվելու է այն ուղենիշը, որով շարժվելու է կառավարությունը իր գործունեությունը ծավալելիս:
Մարդիկ հիմնականում թերահավատորեն են վերաբերվում այն հարցին, որ համակարգային փոփոխություններն ի վերջո կարող են իրականություն դառնալ, սակայն շատերը որոշակի սպասումներ ունեն և ծրագրում ցանկանում են տեսնել իրական փոփոխություններ: Այս լույսի ներքո հարց է ծագում՝ ո՞ր դեպքում այդ փոփոխությունները կլինեն իրատեսական, գործանականում տեսանելի՝ ցանկացած քաղաքացու համար:
Պատասխանը թերևս պարզ է՝ միայն մի դեպքում, երբ հասարակությունը դառնա այդ ծրագրի իրականացման մասնակից կողմ, այսինքն՝ հանրության ներկայացուցիչները ևս իրենց բաժինն ունենան ծրագրով նախատեսված կետերը կյանքի կոչելու հարցում և գործակցեն կառավարության հետ: Ավելին, շատ հարցերի պատասխաններ հենց հասարակության միջոցով կարող են վեր հանվել և լուծումներ ստանալ: Այսինքն՝ հասարակությունը պետք է դիտվի այն հիմնական սուբյեկտը, որի օգնությամբ հնարավոր կլինի հասնել նախանշված նպատակներին:
Ինչևէ, առաջիկայում պարզ կդառնա, թե որքանով են հասարակությանը հուզող հարցերի պատասխանները արտացոլվել կառավարության ծրագրում: