Image result for խորհրդարանՏԻՄ ընտրությունների հետքը՝ խորհրդարանական Հայաստանի կառուցման ճանապարհին

Սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները խորը հետք թողեցին հայաստանյան քաղաքական կյանքում: Տեղական մակարդակով ընտրություններն աչքի ընկան ինչպես իրենց առավելություններով, այնպես էլ քաղաքական մշակույթին բնորոշ թերություններով:

ՏԻՄ ընտրությունները բեկումնային էին նրանով, որ հայաստանյան քաղաքական իրականության մեջ առաջին անգամ քիչ թե շատ հայտնի գրեթե բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև՝ նորաստեղծ կուսակցությունները, ներգրավվեցին ընտրապայքարի շրջանակներում՝ կարևորելով ընտրությունները՝ որպես անհրաժեշտ քայլ քաղաքական կապիտալ կուտակելու տեսանկյունից: Փոխվեց նաև ընդդիմադիր ուժերի մեծամասնության կրավորական կեցվածքը, ինչպես լինում էր նախկինում, և այս անգամ ընդդիմադիրների ակտիվությունն ընտրական պրոցեսի ընթացքում պայքարի շունչ հաղորդեց ընտրապայքարին:

Ընտրապայքարի ընթացքը երևան հանեց, թե քաղաքական ուժերը ինչքանով են պատրաստ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մոտալուտ մեկնարկին, և թե որքանով են համապատասխանում պայքարի մեջ մտած կուսակցությունների հավակնությունները նրանց ունեցած քաղաքական ռեալ ռեսուրսներին: Այս իմաստով ՏԻՄ ընտրությունները հետևություններ անելու հիմք պետք է հանդիասանան գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար: Հատկապես այն պարագայում, երբ իրենց ռազմավարական մոտեցումներում ճշգրտություն մտցնելու անհրաժեշտություն ունեն ՀՅԴ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը», «Համախմբումը», ՀԱԿ-ը, որոնց սպասումները ընտրություններից հիմնականում իրականություն չդարձան:

Ընդդիմադիր ուժերն իրենց գործողություններով ցույց տվեցին, որ պատրաստ չեն սերտ համագործակցությամբ և միասնական ձևաչափով հանդես գալու: Իսկ եթե անհրաժեշտություն է առաջանում համադրելու միմյանց գործողությունները որոշակի հարցերում, ապա ինչպես ցույց է տալիս փորձը, դրանք իրավիճակային են ու քիչ է հավանականությունը, որ դրա արդյունքում գործնական արդյունքներ կգրանցվեն: Այս մասին է փաստում նաև Վանաձորի քաղաքապետի ընտրությունը, որի դեպքում ավագանու ընդդիմադիր անդամները կորցրեցին ընդդիմադիր քաղաքապետ ունենալու եզակի շանսը:

Ինչևէ, ՏԻՄ ընտրությունները հանդիսանալու են այն շիկացած երկաթը, որը կռելու արդյունքում էլ քաղաքական ուժերը մուտք են գործելու խորհրդարանական Հայաստանի իրականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել