Վանաձորի ավագանու նիստում ավարտվեց քաղաքապետի ընտրության գործընթացը։ Հաշվիչ հանձնաժողովի արդյունքների համաձայն՝ 14 ձայն ստացավ Քրիստ Մարուքյանը, իսկ հանրապետական Մամիկոն Ասլանյանին կողմ քվեարկեց ավագանու 19 անդամ։ Քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Սսլանյանը:
Վերջինիս՝ քաղաքապետ դառնալու հավանականությունն օրեր առաջ գրեթե զրոյական էր: Հիշեցնեմ, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
Հաշվի առնելով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև առկա համագործակցությունը՝ Ասլանյանը քվեարկության արդյունքներով պետք է ստանար 15 ձայն, իսկ քաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ Քրիստ Մարուքյանը` 18 ձայն: Վերջինի դեպքում ձայների այդչափ լինելու հանգամանքը պայմանավորված էր ԲՀԿ - ՀՎԾ - ԼՀ եռակողմ համաձայնագրով, որի համաձայն՝ երեք քաղաքական ուժերը պետք է միաձայն սատարեին Քրիստ Մարուքյանին:
Նման իրավիճակ քաղաքական դաշտում դեռևս չէր եղել: Ընտրություններից առաջ շատերն արդեն շնորհավորում էին ընդդիմադիր ուժերին ՝ ՀՀԿ-ին առաջին անգամ փոքրամասնության կարգավիճակում թողնելու և սեփական ռեսուրսները իշխանության դեմ միահամուռ կոնսոլիդացնելու համար:
Ընտրությունները, սակայն, ցույց տվեցին հակառակը: Ընդդիմադիր ուժերը անգամ համաձայնագիր կնքելով չկարողացան փաստացի առկա առավելությունը վերածել վերջնական հաղթանակի: Այլ կերպ ասած՝ ընդդիմադիր կառույցները ևս մեկ անգամ չկարողացան իրար հետ լեզու գտնել: Երեք ընդդիմադիր ուժերի միաձուլման արդյունքում առաջացած ավագանու 18 անդամներից 4-ը քվեարկեցին իշխանական թեկնածուի օգտին: Ֆուտբոլային լեզվով ասած՝ ընդդիմությունը «շեղ հարվածեց» իշխանության «բաց դարպասին»:
Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ընդդիմության հնարավոր միավորման թեզը շարունակում է տապալվել և գոնե նման պայմաններում չունի առաջխաղացման միտում: