Պետք է սկսել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումից
Փորձը ցույց է տալիս, որ զարգացման լայն հնարավորություններ են բացվում այն երկրների համար, որտեղ հասարակությունը և պետությունը ինտենսիվ փոխգործակցության ճանապարհի են անցնում: Հասարակությունից ազդակները բարձրանում են դեպի պետական կարևոր օղակներ և հակառակը: Այսինքն՝ պետության խնդիրը դառնում է հասարակությանը ծառայելը, հասարակության պահանջները բավարարելը, իսկ հասարակությունն իր հերթին ակտիվություն է ցուցաբերում պետական մարմինների ձևավորման և արդյունավետ գործունեության հարցում:
Մեզանում պետություն-քաղաքացի փոխգործակցության դաշտում տարիների ընթացքում ի հայտ է եկել անջրպետ: Հասարակության տարբեր շերտերում պետության կողմից մատուցվող ծառայությունների ապահովման հետ կապված դժգոհություններ են կուտակվել: Քաղաքացիների մոտ առկա է այն տրամադրվածությունը, որ դատաիրավական ոլորտի մի շարք մարմիններ, օրինակ՝ դատարանները, անձնագրային բաժանմունքները, կադաստրը և այլն, առանց ավելորդ բարդությունների, պատշաճ կերպով իրենց շահերը չեն սպասարկում: Նրանք շատ հաճախ, գործ ունենալով պետական մարմինների հետ, հայտնվում են բյուրոկրատական քաշքշուկի մեջ, ձգձգվում է նրանց բարձրացրած հարցերի լուծումը, էլ չենք ասում, որ ի հայտ են գալիս կոռուպցիոն ռիսկեր: Պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների գործընթացները շատ դեպքերում անհարկի բարդ են և քաղաքացիների համար առաջացնում են ժամանակի և ռեսուրսների զգալի վատնում:
Նշված իրողությունն իր ազդեցությունն է թողնել երկրի ներսում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի վրա և ըստ այդմ՝ իրավիճակի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել, ինչի ուղղությամբ քայլերն իրենց երկար սպասել չտվեցին: Պետության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների մասով կառավարության ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել, ըստ որոնց՝ պետք է սեղմ ժամկետներում ստեղծվեն օրենսդրական նոր կարգավորումներ, որոնք նպատակ կունենան այդ ծառայությունները տարածության, որակի և ժամանակի առումով մատչելի դարձնել:
Հարկ է նշել, որ որոշ ծառայությունների մատուցման մասով նախանշվող փոփոխություններ իրականացնելու գործընթացն առավել արդյունավետ կլինի, եթե այդ նոր կարգավորումների ստեղծմանը մասնակից լինեն նաև մասնավոր սեկտորի ներկայացուցիչները: Այդ իսկ պատճառով դիտարկվում է որոշակի գործառույթներ մասնավոր հատվածին պատվիրակելու հնարավորությունը, քանի որ մասնավորն առավել էֆեկտիվ կառավարման լուծումներ է առաջարկում:
Փաստորեն, պետությունը խնդիր է դրել հասարակությանը ընդառաջ քայլ անել, որի բուն էության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ այդ քայլը գործնական տեսք կստանա: