Image result for ուսուցիչՀարգելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Այն ավելին է, քան մասնագիտություն կոչելը, ավելին է, քան առաքելություն անվանելը:
Դժվար է բառեր գտնել այն մարդկանց համար, ովքեր տասնամյակներ են նվիրում սերունդների կրթմանը:
Ուսուցիչն ակամայից պատասխանատու է դառնում այն մարդկանց կրթման համար, ովքեր ապագայում դառնալու են սեփական երկրի պատասխանատուները:
Ինքս մանկավարժի և գիտաշխատողի ընտանիքում եմ մեծացել: Հպարտությամբ պետք է ասեմ, որ մայրս շուրջ 40-ամյա մանկավարժական աշխատանքային փորձ ունի, ում համար սերունդ կրթելը կյանքի կարևորագույն առաքելություններից է, որն անցնում է իմ աչքի առջև:
Մեր երկրի ուսուցչի դեպքում դա առավել քան գերպատասխանատվություն է. մեր ուսուցիչները սերունդներ են կրթել բոլոր ժամանակներում՝ անկախ փորձություններից և դժվարություններից, անգամ Արցախյան ազատագրման տարիներին մեր ուսուցիչների տված գիտելիքները որակական փոփոխում չեն կրել, ավելին՝ այդ տարիների աշակերտներն են, որ ներկայումս հանդիսանում են մերօրյա հերոսները, որոնց մասին չենք դադարում գովասանքի խոսքեր ասել, քանի որ նրանք երիտասարդներ են, որոնք ունեն քաղաքացիական ակտիվ հասարակության մաս կազմող երիտասարդին բնորոշ բոլոր բարձր որակական հատկանիշները, իսկ դրա հիմքում, անշուշտ, մեծ է նաև ուսուցիչների տված գիտելիքներն ու դաստիարակությունը:
Այո՛, դաստիարակություն, քանի որ ուսուցիչը ոչ միայն տալիս է մասնագիտական գիտելիքներ, այլ երեխայի մեջ է սերմանում որոշակի արժեհամակարգ, որով երեխան տարիների ընթացքում մեր երկրի լիարժեք քաղաքացին է դառնալու և իր մասնակցությունն է ունենալու պետության կառավարման բոլոր համակարգերում:
Սիրելի՛ ուսուցիչներ, կրկին շնորհավորելով՝ նաև շնորհակալություն եմ հայտնում ձեր անձնվեր գործունեության և այն տարիների համար, որոնք դուք նվիրել եք սերունդներ կրթելուն:

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան
խմբակցության քարտուղար
Վահե էնֆիաջյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել