Image result for վանաձորԿիրովականը «վերածնել» ցանկացող Ական

Արդեն մի քանի օր է՝ ավարտվել են ՏԻՄ ընտրությունները, սակայն հետընտրական կրքերը դեռ շարունակում են մնալ օրվա լրահոսի «թոփ»-ում: Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Այնուհետև հայտնի է դարձել, որ Ական զինված է և սպառնում է այլ հայտնի անձանց ևս:

Նշենք, որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Փելեշյանը Վանաձորում ունի քրեական համբավ:
Ստացվում է՝ իր կրիմինալ ավանդույթներով հայտնի Կիրովականը շարունակում է մնալ իր ամպլուայում` այս անգամ արդեն քաղաքական ուժի ներկայացուցչի մակարդակով: Տարօրինակն այն է, որ նման կիսակրիմինալ և անհասկանալի անցյալ ունեցող անձնավորությունը փորձում էր ստանձնել հանրապետության գլխավոր քաղաքներից մեկի ղեկավարումը: Հարց է առաջանում, թե ինչ էր մտածում վերոնշյալ կուսակցության ղեկավարը, երբ կուսակցական ժողովներ էր հրավիրում և հայտարարում, թե իր վանաձորյան թեկնածուն Ական է: Այդ կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավարը նախօրեին կոկորդ էր պատռում և նշում, թե ՏԻՄ ընտրություններն անցել են խախտումներով, ոստիկանները քյաբաբ էին ուտում և չէին կանխում տեղամասում ընթացող «բեսպրեդելը»: Հարգելի տիկնոջը պետք է հորդորեմ, որ նախ ուսումնասիրի իր թեկնածուի կենսագրությունը և հետո միայն բարոյախրատական մեմուարներ հնչեցնի տարբեր հարթակներից:

Տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ գլուխը միայն գլխարկ դնելու համար չէ, նրանով ժամանակ առ ժամանակ կարելի է նաև մտածել և դատել: Իսկ համայնքի ղեկավարը պետք է լինի ընկալելի մարդ, այլ ոչ թե անհասկանալի տարր: Ցավոք, հայաստանյան իրականության մեջ հաճախակի ենք բախվում նման կրիմինալածին երևույթների:

Հ.գ. Կուսակցության մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանը հայտնել է, որ վերոնշյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել