«Ժառանգությունը» փոշիացնում է իր քաղաքական ռեսուրսները
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի կունենան հերթական ՏԻՄ ընտրությունները: Թե՛ իշխող կուսակցությունը և թե՛ ընդդիմադիր տարբեր տրամաչափի կուսակցություններ ներգրավված են ընտրապայքարի հորձանուտի մեջ: Ընտրարշավը հատկապես թեժ ընթացք է ստացել Վանաձորում և Գյումրիում, որտեղ թեկնածուներ են առաջադրել նույնիսկ նորաստեղծ ընդդիմադիր կուսակցությունները` «Քաղաքացիական պայմանագիրը», «Համախմբումը», «Լուսավոր Հայաստանը», ԳԱԼԱ կուսակցությունը:
Ամեն դեպքում զարմանալին այն է, որ «Ժառանգությունը», լինելով այն քաղաքական ուժը, որը 2013թ-ին նախագահական ընտրություններում մեծ հավակնություններ ուներ, պասիվ է ՏԻՄ ընտրությունների հարցում, այլ կերպ ասած՝ փորձում է զերծ մնալ ընտրապայքարի գործընթացի մեջ ներգրավվելուց: Այս մասին է վկայում նաև այն, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե պաշտոնապես հայտարարում է, որ «Ժառանգությունը» հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին որևէ կուսակցության և թեկնածուի չի պաշտպանում»:
Ակնհայտ է, որ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելով և չաջակցելով մյուս ընդդիմադիր ուժերին՝ «Ժառանգությունը» որոշակի առումով իրեն քաղաքական ակտիվ զարգացումներից դուրս է դնում: Ինչպե՞ս է պատրաստվում այս կուսակցությունը մասնակցել 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին, երբ այս տարիների ընթացքում իր ունեցած քաղաքական ռեսուրսները փոշիացնում է: