Ժամանակը կգնահատի կառուցվածքային փոփոխությունների արդյունավետությունը
Նոր կառավարության ձևավորմանը զուգընթաց` տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ առանձին գերատեսչությունների կազմերում: Այդ ճանապարհին առաջին քայլը եղավ նախ գերատեսչությունների մի մասի ղեկավարների փոխարինումը նոր կադրերով, ովքեր մասնավոր սեկտորների առանձին ոլորտներում կարողացել են կայանալ և հեռու են քաղաքականությունից: Իսկ երկրորդ քայլով նախատեսվում է առանձին գերատեսչությունների անվանափոխում, գործառույթների վերաբաշխում, ինչպես նաև դրանց համապատասխանեցում երկրի առջև ծառացած սոցիալական և տնտեսական մարտահրավերներին:
Առաջին հայացքից տպավորություն է առաջանում, թե այն, ինչ տեղի է ունենում, ընդամենը առանձին նախարարությունների անվանափոխություն է կամ ֆունկցիոնալ փոխատեղումներ, որոնք, սակայն, էական նշանակություն չեն ունենալու: Բայց այս տեսակետն առայժմ, ըստ իս, բավարար հիմնավորումներ չունեցող մոտեցում է, քանի որ ամբողջական եզրահանգման գալու համար անհրաժեշտ է ունենալ վերջնական փոփոխությունների տեսքը և գերատեսչությունների կոնստրուկցիան: Թեև հնարավոր արդյունավետ ու անարդյունավետ ելքերից որևէ մեկը չի կարելի բացառել:
Դատելով մամուլում հրապարակվող տեղեկություններից` կառավարության կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները կարող են համակարգային նշանակություն ստանալ: Ի վերջո, ժամանակը կտա այն գնահատականը, թե որքանով կարող են այդ փոփոխություններն արդյունավետ լինել: