Արթուր Բաղդասարյանն իր սեփական հեռուստաընկերության եթերից ասել էր հետևյալը. «Վերջերս փոխվեց կառավարությունը, հեռացան նախարարները, որոնց ունեցվածքի մասին հրապարակումներ էր արվում մամուլում միլիոնավոր դոլարներ ունեն: Նրանք ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում: Քանի դեռ մեր երկրում պահպանվում են քաղաքական և տնտեսական մենաշնորհները, փոփոխություններ հնարավոր չեն»:
Պարզապես զավեշտալի է լսել այսպիսի հայտարարություն այնպիսի մարդուց, ում ահռելի հարստության ու միլիոնավոր դոլարների առաջացման աղբյուրներն ու եղանակները նույնպես հայտնի չեն: Եթե 2007թ. Արթուր Բաղդասարյանը որպես սեփականություն նույնիսկ բնակելի տուն չուներ, ապա ընդամենը մի քանի տարի անց նա արդեն հայտարարագրել էր ոչ միայն 215.3 քմ մակերեսով բնակարան, այլեւ 34,8 քմ-ով ավտոտնակ և 25,5 մլն դրամ ու 20 հազար դոլար: Իսկ վերջինիս եղբոր առանձնատան արժեքը հատում էր 1 մլն դոլարի շեմը:
Արթուր Բաղդասարյանն այս հայտարարությունն անելու ժամանակ մոռացել է, որ մի քանի տարի առաջ իրեն թույլ էր տալիս ՕԵԿ-ականների հետ 120 հոգով քեֆ անել Դուբայում: Որոշ ՕԵԿ-ականներ նշել են, որ Բաղդասարյանի ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի 100 հազար դոլարանոց շքեղ մեքենա:
Այսուհետև Արթուր Բաղդասարյանը, եթե նորից խոսելու է կոռուպցիայից, մենաշնորհներից, ապա թող նախ հանրությանը բացատրի, թե այդքան քիչ ժամանակատվածում ու՞մ հաշվին և ինչպիսի՞ ճանապարհով նա հասցրեց այդքան ունեցվածք կուտակել: Փաստացի, Արթուր Բաղդասարյանի՝ վերոնշյալ հայտարարությունները դառնում են ոչ կոմպետենտ մարդու կողմից արված հայտարարություններ: