Հուլիսյան իրադարձությունների հանգուցալուծումից հետո բոլորի կողմից անսպասելի էր «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում ինքնառաջադրումը: Ցանկացած ընտրությունից առաջ քաղաքական ուժերը ձեռք են բերում որոշակի քաղաքական կապիտալ ընտրություններում իրենց օգտին վստահության ձայներ ստանալու նպատակով:
Արայիկ Խանդոյանը, փաստորեն, փորձեց օգտագործել Երևանի ՊՊԾ գնդի գրավման հետևանքով առաջացած որոշակի ճանաչումը՝ այն վերածելով քաղաքական կապիտալի և տեղափոխելով քաղաքական հարթություն:
Սակայն երեկ Ծաղկահովիտում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Արայիկ Խանդոյանը պարտվեց իր անկուսակցական մրցակցին: Այս առումով հարկավոր է ֆիքսել, որ Արայիկ Խանդոյանի՝ քաղաքական կապիտալի կուտակման ու իրացման այս եղանակը մատնվել է ձախողման:
Հ.Գ. Այս իրողությունը գալիս է ապացուցելու, որ հանրության լայն շերտերի կողմից Սասնա ծռերին աջակցություն չցուցաբերելը (հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցույցերին մասնակցում են առավելագույնը 200 մարդ) պատահական չէ, և այն իրականում կրում է օրինաչափ բնույթ: Արայիկ Խանդոյանի պարտությունը ՏԻՄ ընտրություններում ևս մեկ անգամ ապացուցեց, որ հուլիսի 17-ի դեպքերը պարզապես անընդունելի էին հասարակության կողմից և այդ ճանապարհով հերոսանալը հուսալի քաղաքական կապիտալ չի կարող դառնալ: