«Drive»-ով մեկնարկ գործադիրում
Փաստացի գործադիրի ղեկավարի փոփոխությունից հետո այսօր տեղի ունեցավ առաջին նիստը: Օրակարգը հագեցած էր, տարբեր հարցեր քննարկվեցին: Նույնիսկ եղան նկատողություններ և սուր արձագանքներ նախարարների ելույթներին: Ի թիվս այլ թեմաների` քննարկվեցին նաև հարկային համակարգին ու էնեգետիկային վերաբերվող հարցեր:
Մասնավորապես, վարչապետը բիզնեսների ստուգումների հետ կապված հանձնարարականներ է տվել ՊԵԿ-ին: Վերջինս ասել է, որ հարկային ստուգումները պետք է կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, մանր և միջիններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում: ՊԵԿ նախագահին հանձնարարվել է գործողությունները կատարել առանց բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծելու: Բացի այդ՝ ՀԾԿՀ-ին, էներգետիկայի նախարարությանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարվել է քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգիայի և գազի սակագնային քաղաքականության վերանայման համար:
Այսպիսով, մի շարք ոլորտներում նշմարվում է հնարավոր փոփոխությունների ուրվագիծը, սակայն այս ամենից դեռ վաղ է ինչ-որ կանխատեսումներ անել: Ի՞նչ կլինի հետագայում, ցույց կտա ժամանակը, սակայն, կարծում եմ, կարելի է փաստել, որ միտումը խոստումնալից է: