Այսօր ԱԺ քառօրայի հերթական չորեքշաբթին էր, և ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ խորհրդարանում Կառավարության հետ հարց ու պատասխան էր: Առաջին անգամ որպես վարչապետ օրենսդիրներին խորհրդարանում ներկայացավ վարչապետ Կարապետյանը: Եթե փաստենք այն հանգամանքը, որ խոսքն ընդամենը մեկ օր առաջ նշանակված վարչապետի մասին էր, ապա պետք է նկատենք, որ Կարապետյանը բավականին անմիջական և անկաշկանդ էր դրսևորում երկրի թիվ մեկ ամբիոնից՝ հարցերին տալով լակոնիկ և հստակ պատասխաններ:
Առաջինը, որ կարելի է առանձնացնել նոր վարչապետի խոսքից, այն է, որ Կարապետյանը հնչեցրեց երկրի տնտեսության իրական վիճակի գնահատականը՝ ասելով, որ տնտեսության վիճակը ծանր է, ապա հավելեց, թե անմաստ է իլյուզիաներով զբաղվել:
Ասել է թե, գործադիրի նոր ղեկավարը փաստեց, որ տնտեսությանը և երկրի ընդհանուր իրավիճակին մինչև չտրվի հստակ ախտորոշում, անիմաստ է խոսել այն վերականգնելու և բաղադրատոմսեր նշանակելումասին: