Հայաստանի ներքաղաքական կյանքը մտնում է աշնանային ցիկլ։ Ամառը, հակառակ ենթադրյալի, չանցավ անաղմուկ ու հանգիստ, այլ, ինչպես գիտենք, բուռն էր իրադարձություններով և դեպքերով, ինչին, անկասկած, դեռ մեկ անգամ չէ, որ կանդրադառնան քաղաքական ուժերը։ «Սասնա Ծռեր»- ի գործողությունը հայ հանրությունը շարունակում է դիտարկել հատվածական տիրույթում, այսինքն՝ կարծիքները շարունակում են մնալ տարբեր։ Մի մասը ցայսօր հերոսացնում է նրանց, մյուս մասը՝ դատապարտում զենքի ուժով քաղաքական արդյունք գրանցելու նրանց փորձը։
Բայց, ամենագլխավորը, ինչպիսի՞ն կլինի դաշտի դասավորվածությունը 2017 թվականի պառլամենտական ընտրություններին ընդառաջ։ Այդ հարցերի պատասխանը մոտավորապես կտան ՏԻՄ ընտրությունները, իսկ դրան պատրաստվելու համար քաղաքական ուժերը պիտի լինեն ավելի ակտիվ։ Բնականաբար, երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր քաղաքական գործընթաց անմիջականորեն ազդում է քաղաքական ուժերի վարքագծի վրա՝ անկախ նրանից մասնակցում են նրանք քաղաքական գործըթնացին, թե ոչ։ Դիցուք, ըննդիմադիր ուժերը քարոզարշավների և նախընտրական հանդիպումների ընթացքում հանրության հետ կոնտակտի մեջ մտնելիս բավականին բարդություններ կունենան։ Դրա պատճառը, ինչպես արդեն նշվեց, Ծռերի հանդեպ հանրային սիմպատիան է, որը միս ու արյուն, ճիշտ է, չստացավ, սակայն ամեն դեպքում, որպես գործոն, դեռ կա։ Նրանք պետք է բացատրեն, թե ինչու այդ գործընթացի ընթացքում պասիվ մնացին և որպես քաղաքական ուժ՝ այս կամ այն կերպով չարձագանքեցին տեղի ունեցածին։ Միջնորդավորված ու շարքային գնահատականների մասին չէ խոսքը, այլ պաշտոնական դիրքորոշման։ Իսկ ստեղծված պարագայում շահող կողմի կարգավիճակում հայտնվում է միայն ՀՀԿ-ն։ Այդ կուսակցությունը ընտրություններին մշտապես գործի է դրել իր վարչական, բիզնես, օլիգարխ ռեսուրսները, որը և ապահովել է ընտրությունների արդյունքը հօգուտ այդ ուժի։ Հանրությունը ՀՀԿ հաղթանակի գործում էական նշանակություն չունի։ ՀՀԿ-ն էլ, ըստ էության, առանձնապես չի փափագում կայուն էլեկտորատ կամ հանրային վստահություն ունենալ։ Նրանք շարժվում են պահի հրամայականով և անում այն, ինչ այդ պահին պահանջվում է հաղթելու համար (ջհանդամը թե պետությունը չի զարգանա): Իսկ ընդդիմությունը, կամ իրեն ըննդիմադիր համարող քաղաքական ուժը չի կարող հանրության հետ հաշվի չնստել, քանի նրա միակ՝ քիչ թե շատ ռեալ ռեսուրսը քաղաքական գործընթացը հաջողելու, սեփական էլեկտորատի՝ օր առաջ ձևավորումն է։ Հայաստանում կայուն էլեկտորատ հասկացողությունը չափազանց հեղհեղուկ է, որովհետև կուսակացությունները չունեն վարքաբանական հստակ չափորոշիչներ, այդ իսկ պատճառով էլ դեռ 2013 թվականի նախագահական ընտրություններում ընդդիամդիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած մոտ կես միլիոն ձայները այսօր ոչ միայն փոշիացել են, այլև ընդհանրապես 2017 թվականին «Ժառանգությունը» առհասարակ կարող է Պառլամենտ չմտնել։ Քիչ թե շատ կայուն ընտրազանգված ունի Դաշնակցությունը․ դա պայմանավորված է այդ կուսակցություն բալանսավորված գործունեությամբ (եթե դիտարկենք չոր պրագմատիզմի տեսանկյունից), դրան գումարած պահանջատիրության դրույթը, որը մշտապես ՀՅԴ-ին դիվիդենտներ է բերել քաղաքական մրցավազքում։ Մնացած կուսակցությունները կա՛մ նոր են կայանում, կա՛մ ապրում են իրենց մայրամուտը։ Գալիք Խորհրդարանը, ըստ էության, կունենա մոտավորապես հետևյալ տեսքը՝ ՀՀԿ-ն կլինի մեծամասնություն, իսկ մնացած կուսակցությունները՝ 2-3 տոկոսային հարաբերությամբ իրար մեջ կբաժանեն մնացած տեղերը, քանի որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ ընդգծված երկրորդ համար չի լինի (այժմ այդ դերը ֆիկտիվ պատկանում է ԲՀԿ-ին): Արդյունքում Սերժ Սարգսյանը կկարողանա ստանալ իր ուզած Պառլամենտական մոդելը և ի լրումն դրա՝ այդ կուսակցություններից մեկի հետ էլ (հավանաբար նորից ՀՅԴ) կոալիցիա կկազմի, որպեսզի ՀՀԿ չլինի իշխանության միանձնյա կրողը։