Իրանը գնալով կոշտացնում է Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» ռազմագործողության նկատմամբ դիրքորոշումը: Ջարաբլուսի ուղղությամբ Սիրիական ազատ բանակի ու թուրքական ուժերի գործողությունների սկզբնական շրջանում Իրանը պաշտոնական որևէ դիրքորոշում չհայտնեց: Թուրքական զինուժի գործողություններից միայն երկու օր անց` օգոստոսի 26-ին, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին գրավոր հաղորդագրություն էր տարածել, որում անհրաժեշտ էր համարել պաշտոնական Դամասկոսի հետ ռազմական գործողությունների համակարգման, համաձայնեցման հարցը: Օգոստոսի 31-ին արդեն Բահրամ Քասեմին հայտարարեց, որ առանց Դամասկոսի հետ խորհրդակցության Սիրիայի տարածք թուրքական ուժերի մուտքը և շարունակվող ռազմական գործողություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը` կոչ անելով թուրքական կողմին որքան հնարավոր է շուտ դադարեցնել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ գնալով իրանական կողմը զգալիորեն կոշտացնում է իր դիրքորոշումը Թուրքիայի ռազմական գործողությունների նկատմամբ: Կարծում եմ հստակ է, որ Թուրքիան ուժային կենտրոնների, այդ թվում նաև` Իրանի հետ ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ է խախտել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների իրականացման հարցում, ուստի գնալով Թուրքիայի դեմ ճնշումները մեծանում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: