«Ժառանգությունն» ուշացել է ՏԻՄ ընտրությունների գնացքից
ՏԻՄ ընտրություններին մնացել են հաշված օրեր: Քաղաքական ուժերը նախապատրաստվում են ընտրություններին` թեկնածուներ են առաջադրում: Հատկապես թեժ պայքար է սպասվում Վանաձորում և Գյումրիում:
Որոշ քաղաքական ուժեր փորձում են ակտիվ ներգրավվել ընտրական գործընթացի մեջ: Անգամ ակտիվ են նորաստեղծ քաղաքական ուժերը` մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիրը» և «Լուսավոր Հայաստանը»: Սակայն հետաքրքրական է, որ «Ժառանգություն» կուսակցությունը նոր է քննարկելու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը: Ավելի վաղ ընդդիմադիր ուժը հայտարարել է, որ կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և Հովսեփ Խուրշուդյանի կալանավորման պատճառով չեն մասնակցի ՏԻՄ ընտրություններին, քանի որ ճնշումների են ենթարկվում: Այժմ, սակայն, երեք գործիչներն ազատության մեջ են:
Ինչպես արդեն նշեցի՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերն այս փուլում որոշումներ են կայացնում թեկնածուների առաջադրման վերաբերյալ, ցուցակներ կազմում, իսկ «Ժառանգությունը» դեռ չի քննարկել մասնակցության հարցը: Կարելի է կուսակցության այս նախաձեռնությունը համարել խիստ ուշացած: Մի կողմից, սակայն, «Ժառանգության» համար սա առաջընթաց է, քանի որ կուսակցությունը կարող էր ընտրությունների ավարտից հետո քննարկել դրանց մասնակցելու հարցը: