Մեղրիի ԱՏԳ-ի ստեղծման էֆեկտը` ՀՀ-Իրան-ԵՏՄ եռանկյունում
Հայաստանի համար վերջին շրջանում լայն հնավարություններ են բացվում Իրանի հետ համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ. Համագործակցության ներկայիս ծավալները մեծապես զիջում են առկա պոտենցիալին: Բացի այդ, Իրան-Հայաստան գործընկերային հարաբերությունների շրջանակը կարող է ներառել ԵՏՄ ամբողջ տնտեսական դաշտը, այսինքն` Իրան-Հայաստան գործակցությունը տեղավորվում է ոչ միայն երկու երկրների երկկողմ ֆորմատում, այլև Իրան-ԵՏՄ հարաբերությունների շրջանակում:
Իրանը և ԵՏՄ-ն ներկայումս բանակցում են Ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ և այս համատեքստում հատկապես կարևորվում է Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնությունը: Նշենք, որ ազատ տնտեսական գոտին որևէ պետության մեջ առանձնացված տարածք է, որտեղ այդ պետության և օտարերկրյա ձեռնարկատերերին ու ներդրողներին թույլատրվում է տվյալ պետության այլ տարածքի համեմատ առավել ազատ պայմաններով ծավալել տնտեսական գործունեություն և դրա համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ օրենսդրական, հարկային, վարձակալման և այլն: Ազատ տնտեսական գոտիները գործում են բազմաթիվ երկրներում և նպատակ ունեն առանձնացված տարածքներում բարենպաստ պայմաններ ապահովել ներդրումների ներգրավման, տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացման, արտահանման խրախուսման համար։
Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին ընդգրկելու է արդյունաբերական, ենթակառուցվածքային և ծառայությունների մատուցման բաղադրիչները, իսկ արտոնյալ պայմանների առկայությունը ներդրումների ներգրավման հիմք են ապահովվելու: Ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնողներին տրվում են հետևյալ արտոնությունները` ավելացված արժեքի հարկից ազատում, ԱՏԳ-ի ռեզիդենտների ազատում շահութահարկից, Ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող, ազատ տնտեսական գոտու ռեզիդենտներին պատկանող կամ նրանց կողմից օգտագործվող շենքերի ու շինությունների ազատում գույքահարկից և այլն: Ի հավելումն նշված արտոնյալ պայմաններին` պետք է փաստել, որ Մեղրիի ԱՏԳ-ում արտադրված ապրանքները հնարավոր կլինի ազատորեն, առանց որևէ խոչընդոտների և հարկային պարտավորությունների դուրս հանել ԵՏՄ տարածք, ինչպես նաև՝ իրանական շուկա, ինչի հետևանքով առավել առարկայական կդառնա Իրանի հետ առևտրատնտեսական և արդյունաբերական քաղաքականությունը:
Մեղրիի ԱՏԳ-ի հիմնումը նոր և լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի և մասնավորապես Մեղրիի տարածաշրջանի համար, քանի որ կներգրավվեն ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կկազմակերպվի ապրանքների արտադրություն և ծառայությունների մատուցում, որն իր հերթին տնտեսական աշխուժացման համար դրական էֆեկտ կունենա: Մեղրիի ԱՏԳ-ի հիմնումը կարող է առավել լայն նշանակություն ունենալ Հայաստանի համար Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման ազդեցությունը թուլացնելու համար:
ԱՏԳ-ի գործունեությունը Մեղրիում մեծապես ձեռնտու է նաև Իրանին, քանի որ իրանական ընկերությունները կկարողանան հայկական կողմի հետ համատեղ արտադրության և առևտրի իրականացման գործում օգտագործել նաև Իրանի հսկայական ռեսուրսային պաշարները` հատկապես էներգառեսուրսները: Դրան գումարած Մեղրիի շրջանի տնտեսական հզորացումը նախադրյալներ կսեղծի Մեղրիին սահմանակից իրանական շրջանների տնտեսական աշխուժացման համար:
Ի վերջո, նշենք, որ Մեղրի ԱՏԳ-ի գործունեության տնտեսական օգտակարության գործակիցը կախված է լինելու գոտու գործունեության հագեցվածությունից, ուստի բոլոր հնարավոր միջոցները պետք է ի սպաս դնել, որպեսզի առավել բարենպաստ պայմաններ ստեղծվեն, ներգրավվեն ներդրողների լայն շրջանակ, ստեղծվեն բազմապրոֆիլ և ժամանակակից ենթակառուցվածքներ: