՛՛Վրաստանի արդյունաբերական խումբ՛՛ ընկերությունների խմբի կազմում ընդգրկված ՛՛Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորաացիա՛՛ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է լուրերն այն մասին, որ իրականան կողմի հետ պայմանագիրն արդեն կնքված է, որով նախատեսված է իրականացնել իրանական գազի՝ Վրաստան ներկրումը:
Մինչ այդ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մ.Վալիշվիլին հայտարարել էր, որ իրենց գերատեսչությունը նշված հարցով բանակցություններ չի վարել իրանական կողմի հետ՝ ընդգծելով, որ այդ գործընթացը կարող է իրականացվել մասնավոր ընկերության կողմից, ինչը սահմանված է Վրաստանում գործող օրենքներով:
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծելու է «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից, և կարելի է ենթադրել, որ վերը հիշատակված վրացական ընկերության և նորաստեղծ հայկական ընկերության միջև կսկսվի գործակցություն իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստանին մատակարարելու նպատակով:
Նշված գործընթացն իրականություն դարձնելու կարևորությունը՝ հայկական կողմի համար ֆինանսական և քաղաքական շահի օգտավետության առումով, թերևս, անհերքելի է, հատկապես, եթե իրանական կապույտ վառելիքը ցանկանան օգտագործել նաև եվրոպացի սպառողները:
Վերոնշյալի հետ կապված հետաքրքրական է նաև ադրբեջանական մեդիադաշտում տիրող վայնասունը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը ջանք չէր խնայում Թեհրանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու՝ իրանական գազը Ադրբեջանի միջով Վրաստան, ապա Եվրոպա արտահանելու նպատակով: Բայց ինչպես այսօր արդեն պարզ է դառնում, նրանց նկրտումները չիրականացան, և իրանական կողմն առավել վստահելի գործընկեր համարեց Հայաստանին: Այդ է փաստում նաև Իրանի նավթի նախարարի հայտարարությունն առ այն, որ Իրանը նախատեսում է Հայաստանի տարածքով գազ արտահանել Վրաստան: