Tert.am-ը գրում է.

Հուլիսի 17-ից հանրապետությունում ստեղծված աննախադեպ իրավիճակը, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը, հանգուցալուծում ստացավ հուլիսի 31-ին, երբ խմբի անդամները զենքը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին։ Tert.am-ը ներկայացնում է այս իրադարձությունները հակառակ` ամենաթարմ դեպքերի ժամանակագրությամբ։

Հուլիսի 31

Ժամը 20։00-21։00-ի միջակայքում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները վայր են դնում զենքը և   հանձնվում իշխանություններին: Ձերբակալվում է 20 զինյալ, ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է:

Ժամը 18։00-ի սահմաններում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հարցազրույց է տալիս, որում հայտարարում  է, որ որոշել են չգնալ արյունահեղության և պայքարը շարունակել «ռազմագերու կարգավիճակով»:

Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում ևս հայտարարվում էր զինված խմբի հանձնվելու մասին:

Հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուգասզյան Facebook-ում տեղեկացնում է, որ պայքարը շարունակելու են բանտից և ընդհատակից:

Նույն օրը կեսօրին հայտնի է դառնում, որ ՊՊԾ գնդի ներսում մնացած երկու բուժաշխատողները դուրս են եկել: Նրանք են`  բժիշկ Նորայր Թևանյանն ու  բուժքույր  Մալինա Մարգարյանը, բժիշկ Սալվադոր Խեչոյանը գնդի տարածքը լքել էր նախօրեին, բուժակ Դավիթ Տոնոյանին խմբի անդամներն ազատ էին արձակել դրանից երկու օր առաջ: Դրան նախորդել էր Եվրամիության կոչ–հայտարարությունը` անմիջապես ազատ արձակել պատանդ պահվող բուժաշխատողներին:

Կիրակի դատարանը բավարարում է «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Պավել Մանուկյանին 2 ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը:

Նույն օրը գնդի տարածքը լքում են ՊԾ գնդի զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը և պատմում, որ տեղեկացված չեն եղել, թե ինչի էին գնում:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի դրությամբ Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով ընդհանուր վնասվածքներ ստացած 73 հոգուց 22-ը  շարունակում էին  բուժում ստանալ հիվանդանոցներում:

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի ազատության մեջ մնացած 4 անդամներից Ալբերտ Բաղդասարյանը հայտարարում է իր լիազորությունները վայր դնելու մասին:

Խորհրդի ձերբակալված և/կամ կալանավորված անդամների  թվում են` քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:






Հուլիս ի 30


Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքը փշալարերով արգելապատված Բաղրամյան փողոցում է: Մի քաղաքացի, ի նշան բողոքի բենզին է լցնում իր վրա ու այրվածքներ ստանալով` տեղափոխվում հիվանդանոց: Հորդ անձրևի պատճառով և մյուս օրը հավաքվելու մտադրությամբ հանրահավաքի մասնակիցները ցրվում են:

Նախքան այդ նրանք երթ էին անում Երևանի փոքր կենտրոնով` մտադիր լինելով կոնսենսուսով որոշել` արդյո՞ք գնալու են Խորենացի փողոց, որտեղ ավելի վաղ հայտարարվել էր, որ արգելված են զանգվածային երթերը, ցույցերն ու հանրահավաքները:

Նույն օրը ժամը 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը վերջնագիր է ներկայացնում զինյալներին` նշելով, որ իշխանություններին հանձնվելու վերջին ժամկետը նույն օրվա ժամը 17։00-ն է: Զինյալները չեն հանձնվում և գրեթե միաժամանակ հայտնի է դառնում, որ ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահարի արձակած կրակոցից սպանված է ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանը:

«Սասնա ծռերը» հերքում է, թե կրակոցն իրենք են արձակել:






Հուլիսի 29

ՊՊԾ գնդի գրավման 15-օրերից  ամենադրամատիկն է, երբ  Խորենացի փողոցում և Սարի թաղում սկսվում են բախումներ ցուցարարների և ոստիկանների ու անհայտ քաղաքացիական անձանց միջև,  այն բանից հետո, երբ մի խումբ թեքվում են դեպի Սարի թաղ ու փորձում  ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում. տեղի ունեցած բախումների արդյունքում տուժում են բազմաթիվ լրատվամիջոցների («Արմենիա» հեռուստաընկերություն, «Ազատություն» ռադիոկայան, ռուսական lifnenews.ru, «A1 պլյուս», «Առաջին լրատվական») լրագրողներ  և օպերատորներ, վնասվեց նաև տեխնիկա:

Շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն է տեղափոխվում  տարբեր վնասվածքներով 60 տուժած։ 17 –ամյա մի երիտասարդ կորցնում է աչքը, մի երիտասարդ աղջիկ ստանում է այրվածքներ: Ծանր էր նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 5 ոստիկանից մեկի վիճակը, ով որովայնի հրազենային վնասվածք ուներ:

Զուգահեռ սոցիալական ցանցերում տարածվում էին տեղեկություններ, թե, իբր, արտերկրից դիպուկահարներ են կանչվել, ինչն իրավապահների կողմից հերքվեց:

Նույն օրը, հետկեսօրին, երբ իրադարձությունները դեռ նման ընթացք չէին ստացել, հայտնի է դառնում, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից  վիրավորված է Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը», ով  հրաժարվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվել՝ նախընտրելով բուժօգնությունը տեղում ստանալ: Սակայն խմբի անդամ Արմեն Լամբարյանը, ով ևս հրազենային վիրավորում ուներ, տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նույն օրը ազատ է արձակվում Գյումրի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, քանի որ քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, և եզրակացության համաձայն՝ Լևոն Բարսեղյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը սառը զենք չի կարող համարվել։

Նույն օրը կալանավորվում է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ «Սասնա ծռերին» օժանդակելու կասկածանքով:







Հուլիսի 28

Իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, թեպետ այս օրվա դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն էր ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան:

Հուլիսի 28-ի դրությամբ Վիտալի Բալասանյանի միջնորդական առաքելությունը դադարեցված էր, սակայն այս օրը նախորդող երկու օրերին Երևանի Խորենացի փողոցում գտնվող գնդի հարակից տարածքում և Ազատության հրապարակում  քաղաքացիները հանրահավաքներ էին կազմակերպում՝ հաջակցություն զինված խմբի անդամների։


‪Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել