Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան հասցնելու վերաբերյալ քննարկումները սկսվել էին շուրջ մեկ տարի առաջ: Այսօր կարծես այն առավել քան շոշափելի է դառնում:
Ինչ որ փուլում քննարկումները դադարել էին և տպավորություն էր ստեղծվել, թե ծրագիրը ձախողվել է։ Իրականում դա այդպես չէ։ Իրանական գազը Հայաստանով դեպի Վրաստան արտահանելու մտադրությունները մոտ են իրականություն դառնալուն։ Որքան էլ Վրաստանից հերքում են պայմանավորվածությունների առկայության փաստը, այնուհանդերձ իրանական գազը պատրաստվում է Վրաստան հասցնել մասնավոր ընկերություններից մեկը, որի հետ էլ ձեռք է բերվել փորձնական մատակարարումներ իրականացնելու վերաբերյալ համաձայնություն։ Սրա մասին հայտարերել է նաև Իրանի նավթի նախարարը։
Իրանական գազի փորձնական մատակարարումները Վրաստան նախատեսվում է իրականացնել Հայաստանի տարածքով։ Դատելով իրանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունից, Հայաստանում ստեղծվելու է ընկերություն, որը զբաղվելու է գազի գնման և վաճառքի հարցերով։ Իրանի նավթի նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առաջիկայում դրան իրավական տեսք կտրվի։
Թեև խոսքը դեռևս փորձնական ծրագրի իրականացման մասին է, այնուհանդերձ պետք է ենթադրել, որ դրանով դրվում են Հայաստանի տարածքով իրանական գազը տարանցելու հիմքերը։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Վրաստան, այլև այլ երկրներ արտահանելու մասին է։ Դրա մասին խոսել է նաև Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանենի: Վերջինիս արած հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանը փոքր սպառող է, սակայն կարող է կարեւոր ուղի բացել իրանական գազը արտահանելու համար»։
Բացի այդ նկատենք, որ այս առումով արդեն իսկ կան պայմանավորվածություններ Իրանի և Հայաստանի միջև, որի մասին հայտարարել է նաև Զանգանեն։ Վերջինս նշել է. «այդ ոլորտում կողմերի միջեւ կա համաձայնություն»։