Խոսակցական հայերենին թյուրքերենից մի բառ է անցել «բայղուշ», որը սկզբնական իմաստով նշանակում է «բու», բայց Երևանում, կորցնելով նախնական իմաստային լիցքը, հիմնականում կիրառվում է «չարագաուշակ, չարագույժ, բոթաբեր» իմաստով:
Առավոտյան բացում եմ ֆեյսբուքյան լրահոսը և հանդիպելով բավական մեծ թվով, կներեք, «բայղուշ» բնորոշմանը համապատասխանող գրառումների, անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ դրանց նպատակը: Առանց այն էլ մեր հասարակությունը երկու շաբաթ անընդհատ գտնվել է անբնական լարման մեջ, արդյո՞ք որևէ խնդիր լուծու՞մ ենք հուսահատություն տարածելով:
Հայաստանը գտնվում է մշտական հիբրիդային պատերազմի մեջ արևմուտքից և արևելքից մեզ շրջապատող հակառակորդ պետական կազմավորումների հետ, Հայսատանն ունի լուծման կարոտ բազում ներքին խնդիրներ, իսկ հուսահատտության քարոզի ազդեցության տակ մնացած հասարակությամբ որևէ լուրջ հաջողության հասնելը երկու ասպարեզներում էլ բացառվում է:
Հայաստանը որպես պետություն և հասարակություն, փառք Աստծո, հաղթահարել է խոշոր ճգնաժամ, մեծագույն մարտահրավեր, ինչը ցույց է տալիս, որ մենք առնվազն հուսահատ չենք, այլ պաքարող, հաջողության հասնող, ցանկացած դժվարագույն խնդիր լուծել կարողացող, հետևաբար՝ դեպի ապագան միտված ազգ ենք: