Ցավոք սրտի ՊՊԾ գնդի շուրջ արդեն 15 օր ծավալվող իրադարձությունների արդյունքում ունենք 2 զոհ: Երեկ ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա ավտոմեքենայի մեջ դիպուկահարի կրակոցից սպանվել է ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրի Տեփանոսյանը:

Այս տեղեկատվությունը լայն արձագանք ստացավ սոցիալական ցանցերում: Սպանության դեպքը մեկնաբանել էր նաև Վարուժան Ավետիսյանը: Վերջինս նշել էր, թե ոստիկանը չի զոհվել իրենց կողմից ու պնդել. «Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից»

Քիչ առաջ Ոստիկանությունը տարածել էր ՊՊԾ գնդի այն մասնաշենքի լուսանկարները, որի տանիքում դիրքավորված է եղել ոստիկանին սպանած դիպուհարը: Լուսանկարներից արդեն պարզ երևում էր, որ մեքենան, որում նստած է եղել սպանված ոստիկանը, ՊՊԾ գնդի հենց այդ մասնաշենքից տեսանելի է եղել: Եվ փաստացի զինյալները լայն տեսադաշտ են ունեցել և դիպուկահարի համար լավ դիրք է եղել գործելու համար:
Մյուս կարևոր նրբությունը: Զինյալները հերքում էին դիպուկահարի մասին ոստիկանության տեղեկատվությունը: Այնինչ այս նկարում հստակ երևում է, որ տանիքում բավականին հարմար դիրքավորված է եղել զինյալներից մեկը: Տանիքում պատրաստված հարմարությունները հուշում են, որ այդ վայրում մշտապես աշխատում է դիպուկահար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել