Մի քանի ժամ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամները պատանդ են վերցրել ՊՊԾ գնդի տարածք մեկնած շտապօգնության բժիշկներին, ովքեր պետք է բուժօգնություն ցույց տային գնդի տարածքում գտնվող վիրավորներին: Բժիշկներին պատանդ վերցնելուց հետո զինված խմբավորման անդամները պահանջ են ներկայացրել, որ առողջապահության նախարարը և բժիշկների նոր անձնակազմ ներկայանան ՊՊԾ գունդ` այնտեղ վիրահատություններ անելու համար, որի դիմաց ազատ կարձակեն շտապօգնության բժիշկներին:
Բժիշկներին պատանդ վերցնելով և նմանատիպ պահանջներ ներկայացնելով զինված խմբի անդամներն ավելի են սրել, առանց այն էլ լարված իրավիճակը: Ի՞նչ է նշանակում` թող առողջապահության նախարարը բժիշկների հետ գա և գնդի տարածքում վիրահատություններ կատարի: Եթե շտապօգնության բրիգադն է պատանդ վերցվել, ապա ինչ երաշխիք կա, որ նույն սցենարը չի գործի նաև նախարարի ու մյուս բժիշկների` այնտեղ գնալու դեպքում: Տպավորություն է, որ զինյալներն ուզում են բաց թողնված պատանդների տեղը հանել:
Սկզբնական շրջանում առկա այն համոզմունքը, որ «Սասնա ծռերի» գործողությունները շրջապատի ու քաղաքացիների համար վտանգ չեն պարունակում, (նրանք հայտարարում էին, որ ահաբեկիչներ չեն և չեն պատրաստվում զինված գործողությունների դիմել և նոր պատանդներ վերցնել), վերջին գործողություններից հետո ի չիք են դարձել: