Վերջին մեկ շաբաթն անցավ Էրեբունու դեպքերի մասին վերլուծություններ, առաջարկներ և կարծիքներ լսելով, կարդալով, գրելով: Եթե վերջին մի քանի օրը վերլուծենք առանց հուզականության կստացվի հետևյալ պատկերը:
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությանը և ՀՀ ԱԱԾ պետի հետ տեղի ունեցած հանդիպմանը հաջորդեց բոլոր պատանդների ազատարձակումը, զիված խմբին տրվեց ուղիղ եթերով ասուլիս տալու հնարավություն: Հետո դեպքերը այլ ընթացք ստացան: ՊՊԾ գնդում գտնվող լրագրողների հետ խոսեց նաև Բալասանյանը, ով նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանը այժմ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ ցանկանում է առաջին հերթին լուծում գտնել ստեղծված իրավիճակի համար: Նրա այս խոսքերից հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հերքեցին, որ Ժիրայր Սեֆիլյանը նման բան է ասել և փաստացի նշեցին, որ Բալասանյանը ոչ հավաստի ինֆորմացիա է տարածում:
Այսօր, սակայն, մի փոքր այլ էր պատկերը: Խորենացի փողոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ եթե իրեն թույլ տան հանդիպի Սասնա ծռեր ջոկատի տղաների հետ, և նա տեղում հասկանա իրավիճակը և պատկերացնի իրադրության լրջությունը, նոր կհանդիպի նախագահի հետ և կքննարկի իրավիճակին լուծում տալու հարցը, այլ ոչ թե կպահանջի նախագահի հրաժարականը, բայց դա չի նշանակում, որ Սեֆիլյանը հրաժարվում է ընդհանրապես հրաժարականի պահանջից: Ըստ Ենիգոմշյանի այս խնդիրը շատ արագ կլուծվի, եթե Սեֆիլյանին խոսքի հնարավորություն տրվի:
Վերոգրյալ փաստերը համադրելիս ստացվում է, որ այն մտքերը որոնց համար Վիտալի Բալասանյանին «ստախոս» անվանեցին Սեֆիլյանի կողմնակիցները, իրականում ընդունելի են նաև հենց Հիմնադիր խորհրդարանի անդամների համար: Մի փոքր այլ ձևակերպմամբ ներկայացնելով նույն բովանդակությունը` սեֆիլյանականները հաստատեցին, որ Ժիրոն իսկապես արտահայտել է գեներալի հայտարարության մեջ առկա միքտը: Այս ամենն իրականում խոսում է այն մասին, որ Ժիրոն առավել սթափ է գնահատում իրավիճակը ու չի փորձում ավելորդ լարվածություն առաջացնել: