ՊՊԾ զորամասում և նրա հարակից տարածքում տեղի ունեցող զարգացումները գնալով էլ ավելի են հետաքրքրանում: Իրադարձությունները կայծակնային արագությամբ փոփոխվում են: Ինչպես հիշում ենք, երեկ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ լրագրողները հնարավորություն էին ունեցել մուտք գործել զորամասի տարածք ու հարցազրույց ունենալ թե՛ Սասնա Ծռերի ներկայացուցիչների, և թե՛ միջնորդական առաքելություն իրականացնող Բալասանյանի հետ: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կարող է պաշտոնապես ասել, որ Ժիրայր Սէֆիլյանն իր հետ հանդիպման ժամամակ հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից և առաջ է քաշել այլ հարցեր:
Մի քանի ժամ անց, Խորենացի փողոցում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ալեք Ենիգոմշանը բարձրախոսով հայտարարեց, որ Սեֆիլյանի և Բալասանյանի հանդիպմանը ներկա է եղել նաև ինքը և մեղադրեց Բալասանյանին ինքնագործունեության, Սէֆիլյանի խոսքերը դիտավորյալ աղավաղելու մեջ:
Եվ այս ամենից հետո լրատվականների հետ զրույցում Գառնիկ Իսագուլյանը նշել է, որ կողմերի հանդիպում-զրույցն ամբողջությամբ արձանագրված է, և այդ արձանագրությունը տեսել է նաև ինքը՝ Սէֆիլյանը: Ապա հավելել է. «Թե Ալեք Ենիգոմշյանն ինչպե՞ս է հասկացել, ի՞նչ ենթատեքստեր է տեսել՝ դա իր խնդիրն է: Նրանց երեքի հանդիպում-զրույցն արձանագրվել է, և Ժիրայրն այդ արձանագրությունը տեսել է»:
Փաստացի Իսագուլյանը նույնպես պնդում է, որ Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականը որպես առաջնային պահանջ դիտարկելուց: