Tert.am-ը գրում է.
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ի ռազմավարությունը շարունակում է հիմնվել հին մոդելի վրա, այն է՝ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, փոխանակ միավորվելու և պայքարելու առավել լուրջ սպառնալիքի դեմ:
«ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի հետքերով. ի՞նչ սպասել հետո» թեմայով փորձագիտական կլոր սեղանին Հայկ Մարտիրոսյանը նկատեց, որ ՆԱՏՕ- ՌԴ հակասության մեջ պետք է ուշադրության դարձնել այն բանին, որ թերևս 100 տոկոսով բացառելի է այնպիսի սցենար, երբ ՌԴ-ն կհարձակվի ՆԱՏՕ անդամ որևէ երկրի վրա և հակառակը՝ 100 տոկոսով բացառելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր կհարձակվի ՌԴ-ի վրա:
«Սրանք ֆանտաստիկ սցենարներ են, սակայն չգիտեմ ինչու են դրվում մեծ քաղաքականության հիմքում և շեղում կարևոր խնդիրների բուն թեմայից: ՆԱՏՕ-ի դաշնագրի 5-րդ հոդվածը ենթադրում է, որ հարձակում ՆԱՏՕ անդամ որևէ երկրի վրա հարձակում է յուրաքանչյուր երկրի վրա: Սա ահռելի ուժ է, որին ՌԴ-ն՝ ռազմական հսկայական մեքենա ունենալով հանդերձ, որևէ պարագայում չի կարող դիմակայել։ Մյուս կողմից էլ ՆԱՏՕ-ն հասկանում է, որ եթե հարձակվի ՌԴ-ի վրա, չի բացառվում, որ կլինի լրջագույն պատերազմ, շատ ավելի մեծ ,քան այն համաշխարհային պատերազմներն են, որոնք տեսել ենք»,- ասաց նա:
Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ որոշումը՝ ՆԱՏՕ անդամ երկրների ՀՆԱ-ի 3 տոկոսի ուղղումը ռազմական բյուջեին, ավելորդ ծախս է: «Որովհետև այդ ֆինանսական միջոցները կարելի է ուղղել Մերձավոր և Միջին Արևելքի վիճակը կայունացնելուն և միգրանտների ներհոսքը կասեցնելուն, որոնք մի օր պայթեցնելու են ներսից թե Եվրոպան, թե լրջագույն վնաս են պատճառելու ցավոք նաև ԱՄՆ-ին: Փաստորեն գործ ունենք անհասկանալի գործընթացի հետ և թե՛ ՌԴ-ն, թե՛ ՆԱՏՕ-ն գնում են որևէ մեկին օգուտ չտվող հակամարտության , փոխանակ համար մեկ միջազգային մարտահրավերի դեմ համագործակցեն»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



