Վրաստանում աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ակտիվ փուլ է մտնում, ինչի կապակցությամբ վարչապետ Կվիրիկաշվիլին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով հատկապես իր կուսակցության անդամներին և պետական ոլորտի աշխատողներին, պաշտոնյաներին զերծ մնալ քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումից:
Վերջինիս պնդմամբ՝ անընդունելի է կուսակցական շահերի իրացման նպատակով կիրառել պաշտոնական դիրքը չարաշահելու և վարչական ռեսուրսի օգտագործման պրակտիկան՝ ընդգծելով, որ իրենց կուսակցությունը նման խնդիր չունի, և դրա կարիքը չկա, քանի որ, նրա խոսքով՝ իրենք վայելում են հասրակության աջակցությունը:
Կվիրիկաշվիլին նաև կոչ է արել նախընտրական քարոզարշավին ներգրավված պատասխանատուներին թույլ չտալ, որպեսզի խոչընդոտվի քաղաքական ուժերից որևէ մեկի իրավունքների իրականացումը՝ հավելելով, որ հատկապես կարևոր է, որպեսզի ընդդիմադիր ուժերն ազատ և անկաշկանդ մթնոլորտում կարողանան ծավալել քարոզարշավը:
Վրաստանի վարչապետը նաև առանձնակի զգոնություն է պահանջել իրավապահ մարմիններից՝ նշելով, որ անհրաժեշտ է համապատասխան և օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր խնդրին, որը կարող է առաջանալ քարոզարշավի ընթացքում, մասնավորապես կապված օպոնենտ ուժերի ներկայացուցիչների միջև հնարավոր բախումների և տարբեր տեսակի միջադեպերի հետ:
Հ.Գ.Կվիրիկաշվիլիի կոչն, անշուշտ ընդունելի է, սակայն իրականում դժվար է պատկերացնել, թե ինչպես են պատրաստվում զերծ մնալ վարչական լծակների կիրառումից, քանի որ հենց տեղերում լուրջ պայքար է ծավալվելու հիմնական թեկնածու ուժերի՝ «Վրացական երազանքի» և «Միացյալ ազգային շարժումի» միջև, իսկ բախումները կարող են շատ լուրջ հետևանքների հանգեցնել և առաջին հերթին՝ հենց Վրաստանի միջազգային հեղինակությանը բացասական երանգավորում հաղորդելու տեսանկյունից: