Tert.am-ը գրում է.
Գերմանիայի ԶՈՒ-ն՝ Բունդեսվերը, մտավախություն ունի, որ Թուրքիան վրեժ կլուծի. Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է հարվածի տակ դնել Գերմանիայի և Թուրքիայի զինված ուժերի միջև ռազմական համագործակցությունը, գրում է գերմանական Der Spiegel-ը:
 
Ինչպես նշում է թերթը, Գերմանիայի պաշտպանության նախարարությունում մտավախություն ունեն, որ Թուրքիան «ջղայնությունից» կարող է խոչընդոտել համատեղ նախագծերի իրականացմանը, վատագույն դեպքում՝ նաև ընդհանրապես դրանք տապալել:
 
Der Spiegel-ի տվյալներով՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երկրի ռազմական ղեկավարության հետ քննարկել է Թուրքիայի հնարավոր արձագանքը դեռևս Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քվեարկության մեկնարկից առաջ:
 
«Չնայած Թուրքիան Գերմանիայի գործընկերն է, թուրքերը, առաջին հերթին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, համարվում են քմահաճ ու անկանխատեսելի»,- գրում է գերմանական թերթը:
 
Խոսքն առաջին հերթին թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում գերմանական «Տորնադո» խուզարկու ինքնաթիռների տեղակայման մասին է։ Ավելի վաղ Der Spiegel-ը հայտնել էր, որ Գերմանիան պատրաստվում է այդ տարածքում սեփական բազայի կառուցման համար ծախսել մոտ 65 միլիոն եվրո: Դրանք անհրաժեշտ են Գերմանիային «Իսլամական պետության» գրոհայիններին երկարաժամկետ կերպով դիմակայելու համար: Գերմանական հետախույզ ինքնաթիռներն ամեն օր թռչում են թուրքական բազայից արդեն մի քանի ամիս, սակայն նրանց տեղակայման վերաբերյալ պաշտոնական բանակցությունները դեռ շարունակվում են: Ինչպես նշում է լրատվամիջոցը, բանակցային գործընթացը դանդաղ է ընթանում, և նոր տարաձայնություններն իրավիճակը չեն հեշտացնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել