Ու մարդիկ եկան… Ու մարդիկ սկսեցին գրել… Ու մարդիկ սկսեցին կարդալ միմյանց գրածները…
Նոր մոդա, նոր խոսք, նոր սկիզբ … ու նման լիքը նոր-նոր բաներ…
Գրում են ԲՈԼՈՐԸ: Ու դա շատ լավ է, քանի-որ ինչպես ցույց է տալիս ժամանակը, եթե չլինեին հազարավոր կոմպոզիտորներ, ապա դժվար թե նրանցից մեկը դառնար Մոցարտ… Հազարավոր գրողներ պետք է լինեն, որպեսզի նրանցից մեկին Սևակ անվանենք…
Բայց թող ինձ քաղքենի ավանդապաշտ համարեն: Եթե գրում եք, մաքուր հայերենով գրեք, գեղեցիկ գրեք…
Անտանելի տհաճ է տեսնել հայատառ գրված ռուսերեն բառերը, «Է»-երի փոխարեն «ա»-երը: Իսկ «բալեվ», «մելսի» և նմանատիպ այլ արտահայտությունները մի նոր ծավալուն թեմայի հիմք կարող են հանդիսանալ: Եթե ձեզ դեռ երեխա եք զգում կամ գոնե ուզում եք նման խոսելաձևով դիմացինի մոտ այդպիսի տպավորություն ստեղծել, ապա ի՞նչ խնդիր կա: Վերցրեք Kinder Surprise, մի ժամ արտասվեք դեղին ձվիկի ուշ բացվելու համար, բողոքարկեք նոր տակդիրների անհարմարավետության դեմ, թաքուն փորձարկեք մայրիկի նոր շրթներկն ու կոշիկները, ավազ լցրեք ձեր հարևանի տղայի գլխին, և, վերջապես, հոգացեք ձեր բնական կարիքները քնած ժամանակ, գրողը տանի… Այդպես ավելի շուտ բաղձալի նպատակին կհասնեք:
Լինում է նաև հակառակը: Երբ հեղինակի բառային շտեմարանն այնքան մեծ է, որ չկարողանալով դիմակայել գայթակղությանը՝ նա օգտագործում է չափից ավելի ճոխ բառեր, որոնք անհամատեղելի են նյութի իմաստի, գրելաոճի և մյուս բառերի հետ:
21-րդ դարաշրջանում բոլորս ազատ ենք, առանց բարդույթների և տեղն եկած տեղը մեր կարծիքը դիմացինի դեմքին շպրտելու ունակությամբ (համենայն դեպս, փորձում ենք երևալ այդպիսին): Բայց հենց դա է մեզ խանգարում, որպեսզի տարբեր հարցերին կարողանանք մի քանի կողմից նայել, քանզի այնքան կարծրացած է մեր էության մեջ այդ պայքարելու, ամեն ինչին դեմ գնալու հատկությունը, որ հաճախ կորցնում ենք իրականության զգացումը:
Մի տեսակ շատ լրջացա…
Ու մարդիկ գնացին… Ու մարդիկ դադարեցին գրել… Ու մարդիկ հոգնեցին կարդալ միմյանց անիմաստ գրածները…
(Փաստորեն 2 տարի առաջ գրված նյութը դեռ կարող եմ արդի համարել:)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/angeladayan/posts/249496865185199
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել