«Ահաբեկիչը» Հովհաննես Օձնեցին էր: Նա անշուշտ միակ հայ հոգևորականը չէր, որ, ազգային շահերից ելնելով, դիմում էր բավականին կոշտ միջոցների, բայց երևի ամենահայտնին էր: Պավլիկյանների բուն կոտորածն իհարկե բյուզանդացիք էին իրագործել, բայց պրոցեսի մեկնարկը հիմնականում Օձնեցու շնորհքն էր: Նման կոշտ միջոցների պատճառն էլ այն էր, որ պավլիկյանները Հայքում գործող հերթական գործակալական ցանցերից էր, որի շնորհիվ մեր հարևանները փորձում էին մեր դիմադրողականությունը նվազեցնել:
Չունենալով սեփական ինքնիշխանությունն ամրապնդելու համար բավարար աշխարհագրական նախադրյալներ՝ քաղաքակրթական այս խաչմերուկում երկու հազարամյակ գոյատևելու մեր գրավականը եղել է այն, որ հոգևոր և քաղաքական էլիտաները կարողանում էին բալանսը պահել Հռոմի ու պարսիկների, Բյուզանդիայի ու արաբների, մոնղոլների ու կաթոլիկների, թուրքերի ու ռուսների միջև: Միշտ չէ, որ դա հաջողվում էր, բայց այն ինչ ունենք հենց հաջողված փորձերի հետևանք է:
Պավլիկյանների դերը գրեթե չէր տարբերվում այսօր Հայաստանում գործող աղանդներից: Գլխավոր նպատակը՝ ֆորմալիզացված, ինստիտուցիոնալ ազգային կառուցները ոչնչացնելն էր: Խնդիրն այն չէր, որ պավլիկյանները համարում էին, որ կա երկու աստված մեկի փոխարեն: Խնդիրն այն էր, որ նրանք պնդում էին, որ հոգևորականները որպես դաս չպիտի լինեն, որ քարոզ կարող է կարդալ ցանկացած մարդ, որ եկեղեցիները պետք չեն և, որ ամենակարևորն է՝ արաբները շատ ավելի հանդուրժողական են, քան Հայքի և Բյուզանդիայի իշխանությունները:
Ընդ որում, արաբների հետ դիվանագիտական աշխատանք են տարել, թե մեր հոգևորականները Օձնեցու գլխավորությամբ, և թե նախարարները, բայց մի բան է դիվանագիտությունը, մեկ այլ բան է գործակալությունը: Դիվանագետը փորձում է գտնել այն փոխզիջումը, որը թույլ կտա պահպանել ազգային ինստիտուտները, իսկ գործակալը ստանում է վարձ այդ ինստիտուտները քանդելու համար: Պայմանական դիվանագետը կարող է օտար պետությանը զիջել գենշտաբի պետի պաշտոնը, դրա դիմաց վերապահել պաշտպանության նախարար նշանակելու իրավունքը: Մինչդեռ պայմանական գործակալը առանց հիմքերի պնդում է, որ գեներալները թալանչի են, իսկ զինվորները սոված, ծարավ կռվում են միայն բահերով...
Հետաքրքիրն այն է, որ աստվածաբանական առումով մեր եկեղեցին երբեք սրերով չի ընդունել բազմակարծությունը և ըստ էության պրոտո-գնոստիկյան մի ճյուղ հանդիսացող պավլիկյանների որոշ թեզեր, այսպես թե այնպես, ընդունելի էին մեր աստվածաբանների համար: Ուղղակի, հաշվի առնելով այդ թեզերի վտանգավորությունը խորաթափանցությամբ ավանդաբար չփայլող լայն զանգվածների համար, դրանք հիմնականում վերածվում էին «բաց» գաղտնիքների: Ոչ մեկ չէր թաքցնում այն փաստը, որ մեր խաչը մարմնավորում է իմաստության ծառը, բայց այդ փաստը չէին էլ քարոզում: Ով աչք ուներ կտենար ու իր եզրահանգումները կաներ...
Ու եթե պավլիկյանների իղձը լիներ զուտ աստվածաբանական, եթե իրենց նպատակը լիներ զուտ ճշմարտության փնտրտուքը, Օձնեցին ստիպված չէր լինելու նրանց արմատախիլ անել: Ցավոք պավլիկյանները գործիք էին օտարների ձեռքերում (տվյալ դեպքում՝ արաբների), և բարեբախտաբար Օձնեցին նրանց «հարցը լուծեց» (այդ թվում արաբների հետ բանակցելով): Այլապես լուծվելու էր մեր հարցը որպես էթնոս:
Զուգահեռներ տանելով այսօրվա իրականության հետ՝ կարելի է արձանագրել, որ Փաշինյանի խնդիրն այն չէ, որ նա ժամանակին փորձել է պարզաջրել Ծռերին: Խնդիրը նրանում չէ, որ իր համար փողոցներում կամ ՊՊԾ գնդում արյուն թափելը մի երևէլի պրոբլեմ չէ: Խնդիրը նրանում է, որ նա դա արել է օտար ուժերի օրակարգը սպասարկելով, նա դա արել է ազգային ինստիտուտները կազմաքանդելու համար: Մինչդեռ մերօրյա Օձնեցիները ու նախարարները իր դեմը չեն առել...
Գլխավոր պատճառն էլ թերևս այն է, որ մենք Օձնեցուն ուրիշի մեջ ենք փնտրում և չենք գտնում, մինչդեռ նրան պետք է գտնենք մեր մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել