Ալեն Սիմոնյանը սիրում է լուսանկարներ հրապարակել իր ինստագրամյան էջում՝ հիմնականում առանց թաքցնելու դրանց վայրը: Վերջին անգամ Սիմոնյանը հրապարակել է, ըստ էության, արխիվային 3 լուսանկար, որոնց հետ նշել է «Երկիր մոլորակ»: Թե ինչու է աշխարհը ոտի տվող պաշտոնյան այս անգամ բավարարվել մեր քիփլիկ մոլորակը հիշատակելով, միայն ինքը գիտի, բայց եթե ոմանք կարծում են, թե դրա մեջ ինտրիգ կա, սխալվում են:
Տեխնոլոգիաների էսօրվա դարում մեկ-երկու քլիկով հնարավոր է պարզել, որ Ալեն Սիմոնյանը լուսանկարվել է Կարիբյան ծովի Սբ. Բարդուղեմեոս կղզում (Saint Barthélemy), որը ֆրանսիական անդրծովյան տարածք է:
1. Սելֆիներից մեկը Սիմոնյանն արել է կղզու՝ Գուստավ III թագավորի անվան օդանավակայանի կառամատույցում (մոտավորապես այստեղ՝ 17.903723081987074, -62.845179678454286):
2. Երկրորդը, որտեղ ինքը չի երեւում, արված է կղզու Սեն Ժան լողափում (մոտավորապես այստեղ՝ 17.902939559934726, -62.83649057599509)
3. Երրորդ նկարում Սիմոնյանի ձեռքին կարմրաոտ կրիա է (Chelonoidis carbonarius), որը հանդիպում է Հարավային Ամերիկայում եւ Կարիբյան ծովի մի շարք կղզիներում:
ԹԱՐՄԱՑՈՒՄ.
Ալեն Սիմոնյանը 2021-2024 թթ. իր պաշտոնական հայտարարագրերում միայն 2021-ի համար է ներկայացրել հանգստի համար կատարած ճանապարհածախս եւ կեցության ծախս՝ 3100 եվրոյի չափով, նույն տարում 1700 եվրոյի հանգստի ծախս էլ նրա կինն էր հայտարարագրել (հայտարարագրման ենթակա են միանվագ 2 մլն դրամը կամ հանրագումարային 3 մլն դրամը գերազանցող ծախսերը):
2021-ի սեպտեմբերին, եթե կհիշեք, Ալեն Սիմոնյանը հունական Միկոնոս կղզում էր իր կնոջ, երեսփոխաններ Էդուարդ Աղաջանյանի, Հրաչյա Հակոբյանի (աներձագ) ու Վիվառոյի Վիգեն Բադալյանի հետ: Տեսանյութերում ու լուսանկարներում Սիմոնյանը պարում էր «Պրինսիպոտե» ռեստորանում, հանգստանում էր Սանտա Մարինա 5-աստղանի համալիրում եւ, ըստ էության, ժամանակ էր անցկացնում Void գիշերային ակումբում: Հետո Միկոնոսից Երեւան էր թռել Մալթայում գրանցված մի բիզնես ջեթ, որում, ենթադրաբար, եղել են Բադալյանը, որը նաեւ Մալթայի քաղաքացի է, ինչպես նաեւ Սիմոնյանի կինը, Աղաջանյանը, աներձագ Հակոբյանը: Սիմոնյանը չէր հերքել, որ պաշտոնյաներն ու իր կինը օգտվել են բիզնես դասի ինքնաթիռից, ասել էր՝ իմ եւ այլոց մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկությունները չեմ մեկնաբանում:
Հիշենք նորից՝ «Հանրային ծառայությունների մասին» օրենքը արգելում է պաշտոնյաներին նվերներ ստանալ (անհատույց կամ անհամարժեք ցածր գնով ծառայությունը եւս նվեր է օրենքի իմաստով): Աղաջանյանն ու Հակոբյանը մեր հարցերին չէին պատասխանել (հղումն այստեղ):
CPC Armenia / Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որքան հայտնի է, Ալեն Սիմոնյանը Սբ. Բարդուղեմեոս կղզի գործուղված չի եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել