Tert.am-ը գրում է.
Գերմանիան հերթական երկիր չէ, Գերմանիան ԵՄ առանցքային պետություններից է, Թուրքիայի դաշնակիցն է եղել, ուստի, Ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
 
«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել Բունդեսթագի փոխնախագահ տիկին Բուլմանի հետ, ես բարձր եմ գնահատել գերմանացի պատգամավորների նման դիրքորոշումը, ևս մեկ անգամ վերահաստատել եմ, որ առանցքայինը նա է, որ մի պետություն, որն առաջին աշխարհամարտում եղել է Թուրքիայի դաշնակիցը, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Տարոսը մնացած երկրներին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերություններն ավելի կվատանան, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կարծիքը հստակ է՝ հայ-թուրքական արձանագրությունները պատմության խորքային դարակ է մտցրել Թուրքիան, վերջինս է հանդես եկել նախապայմաններով, ուստի, հաշտեցման համար հենց Թուրքիան պետք է քայլեր կատարի: Սակայն, ԱԺ փոխնախագահի խոսքով, Թուրքիան հետ քայլ է կատարում, ավելին՝ հետ է կանչում Գերմանիայից Թուրքիայի դեսպանին, շարունակվում են շանտաժները Բունդեսթագի պատգամավորների հետ, որովհետև Թուրքիայի քաղաքական վերնախավը պատրաստ չէ առերեսվել պատմության հետ, գրեթե ոչինչ չի սովորել: «Խնդիրը Թուրքիայի մեջ է: Պատասխանատուն Թուրքիան է՝ իր քաղաքական իշխանության հետ միասին»,- հավելեց նա:

«Ուշ թե շուտ միջազգային քաղաքականության բոլոր դերակատարները պետք է ճանաչեն, եթե ուզում են, որ նոր ցեղասպանություններ չկրկնվեն: Բունդեսթագի բանաձևի ընդունումը նոր դռներ է բացում դեպի նոր ճանաչումներ, դռներ է փակում դեպի ժխտողականություն, նորանոր հանցագործություններ մարդկության նկատմամբ: Դժբախտաբար, Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ չէ առերեսվել սեփական պատմության հետ»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Նա խոսեց նաև այն մասին, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՏՄ գագաթաժողովին, վերահաստատել, որ ՀՀ-ն ԼՂ անվտանգության երաշխավորն է և ոչ խաղաղ սցենարի դեպքում կիրականացնի իր պարտավորությունները, կպաշտպանի Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել