Հերոսներին պետք է գնահատել նաև կենդանության ժամանակ:
Ապրիլյան պատերազմում և դրանից առաջ մեր զինվորների կատարած մարտական սխրանքների, անսահման քաջության և նույնիսկ խենթության հասնող մարտական ոգու մասին մեր հասարակությունը լիարժեք տեղեկացված չէ:
Մենք չգիտենք, որ վաղը մեր կողքով քայլելու է 20 տարեկան այն երիտասարդը, ով մահվան մասին մոռացած վազում էր դեպի իրեն հարազատ դարձած բլինդաժը, որպեսզի թույլ չտա թշնամուն՝ հերթական վայրագությունն անելու ու անարգելու իրեն եղբայր դարձած զինակցին: Մենք չենք պատկերացնելու, որ միևնույն լսարանում սովորում է այն հերոսը, որ խոցեց հակառակորդի ուղղաթաթիռը՝ կանխելով հնարավոր հսկայական կորուստները: Այսպիսի դեպքերը շատ շատ են: Որոշ դրվագներն առավել ֆանտաստիկ են, քան մարտաֆիլմերի երևակայելի սյուժեները:
Այս մասին մենք տեղյակ չենք, երբեմն հենց իրենք չեն բարձրաձայնում:
Եվ պարտադիր չէ, որ մարդուն առհավետ կորցնելուց հետո նոր գնահատել նրա իրական արժեքն ու հայրենանվեր անձնազոհությունը:
Ցավոք, շատ դեպքերին է բնորոշ <գնա մեռի, արի սիրեմ> արտահայտությունը:
Մենք այլևս պարտավոր ենք ճիշտ գնահատել նաև ողջ մնացած հերոսներին, ովքեր ապրում են մեր կողքին և համեստորեն լռում են իրենց կյանքի հերոսական դրվագների մասին: