Կոռուպցիոներների մի հետաքրքիր տեսակ կա: Ամեն անգամ, երբ խոսվում է պետական մակարդակով թալանի մասին, ամեն մեկը իրեն հոգեհարազատ պատճառաբանություն է բերում ու դրանով բացատրում կոռուպցիայի հիմքերը: Պետական մի շարք գործիչներ, փորձելով բացատրել կոռուպցիայի մասին թեմաները, այնպես են մեկնաբանում, քեզ զգում ես ինչպես Բրիտանիայի քաղաքացի, ով լսում է օրինապաշտ գործչի գեղեցիկ շարադրանքը:
ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կոռուպցիայի առաջացման պատճառներին, նշել է. «Եթե պետական կառավարման համակարգը պաշտպանված չի սոցիալապես այն մակարդակից եւ այն աշխատավարձերը չի ստանում, որը հնարավորություն կտա իր անձնական կարիքները բավարարի, այդ ռիսկն անընդհատ լինելու է», ապա հավելել «Ես կոռուպցիան գտնում եմ ավելի շատ այնտեղ, որ պաշտոնյա կա ասենք, որը բավարարվում է 2 մլն-ով իր ընտանիքը պահել, ես գտնում եմ, որ այդտեղ ավելի շատ կոռուպցիա կա»:
Այսինքն տեսեք, յուրաքանչյուր թալանչի անկախ իր կամքից յուրովի է պատճառաբանում իր՝ կոռուպցիոն գործարքներ իրականացնելը: Օրինակ՝ այս մեկը բաց տեքստով նշում է, որ եթե մարդ չի կարողանում աշխատավարձով ցոփ ու շվայտ ապրել, բնական է, որ թալանելու է: Իսկ մյուս մասն ամենահետաքրքրիրն է, ասում է ավելի կասկածելի է նա, ով 2 միլիոն դրամով ընտանիք է պահում: Այսինքն «էտ ինչպե՞ս կարող է մարդ իր ընտանիքը 2 միլիոնով պահել»: Արմեն Ալավերդյանն իր արշինով է չափում բոլորին, երևի թե լրագրողները ներկա չլինեին կասեր 2 միլիոն դրամի միայն բենզին եմ ամեն օր սրսկում մեքենաներիս մեջ, ոնց կարող եմ նորմալ ապրել: Իսկ միթե 2 միլիոն դրամը բավական չէ ընտանիք պահելու համար: Սրան թվում է, թե բոլորն իր ախորժակով են գնում:
Հարգելի պարոն, ձեր խոսքերից հետո առիթ ունեմ մտածելու, որ դուք նույնպես չեք կարողանում 2 միլիոնով ընտանիք պահել, ուստի միթե՞ հիմք չունեմ կասկածելու որ դուք նույնպես կոռուպցիայով եք զբաղված, հակառակ դեպքում ստացվում է, որ հակասում եք իքներդ ձեզ: Մյուս կողմից էլ ասում եմ, կարող է՞ պատահի Ալավերդյանը նեղն է ապրում ու ամբողջ օրն աշխատում այս երկրի համար, քոռանամ ես: