Շքեղության… թշվառությունը
(կիրակնօրյա խոհեր)
Սա սոսկ բառախաղ չէ կամ նման մեկ այլ՝ բանասիրական քմահաճություն: Ուղիղ եմ ասում՝ շքեղության… թշվառությունը: Դրանից ավելի ուղիղ մեկ էլ 180 աստիճանի «անկյունն» է:
Եթե հարցնեն անցնող շաբաթվա իրադարձություններից, ներքին անցի ու դարձի առումով ես, իհարկե, կառանձնացնեի «պադավատները» մի 800 հատով կրճատելու մասին տեղեկությունը: Սա, իսկականից էլ՝ վաղուց սպասված և անելիք քայլ էր: Ոնց ասում են՝ ուշ լինի…: Չէ՛, «նուշ լինի» չեմ ասի: Մինչև դա ահագին տեղ կա: Այսինքն, էլի կրճատելիքներ կան: Ու մենակ «պադավատների» չէ:
Հիմա շատ են անհրաժեշտ, հասունացած, պահանջվող, անխուսափելի և նմանօրինակ այլ էպիտետներով համեմված փոփոխություններից խոսում: Շատերն են խոսում: Չտարանջատենք: Որովհետև, երբ շատերն են խոսում, ուզում ես հավատալ, որ բոլորն են հասկացել:
Սա քաղաքական հարց է, տնտեսական հարց է, սոցիալական ու, եթե կուզեք՝ բարոյական հարց է: Այսինքն՝ բարոյականության ու աշխարհընկալման, որոշակի առումով:
Ինձ, օրինակ, միշտ հետաքրքրել է, թե ի՞նչ ու ինչո՞վ են մտածում այն մարդիկ, որ շքեղաշուք պալատներ են կառուցում, գերթանկարժեք մեքենաներ են «ճռռացնում» Երևանի փողոցներում, «բըռլյանտի քարով սոտըվի» են ման տալիս, խալխի աչքը տրաքացնող հարսանիքներ ու քեֆեր են անում:
Այնպես չի, իհարկե, որ նման բաներ միայն պաշտոնյավորներն են իրենց թույլ տալիս: Ունևոր, ավելի ճիշտ՝ հարուստ «դասակարգն» էլ, որը ոչ միշտ է համընկնում պաշտոնյա ասածի հետ, իր հնարավորությունները ցուցադրելու հարցերում պակաս ջանքեր ու փողեր չի թափում:
Առաջ, այսինքն, մինչև ապրիլի 2-ը այդ ամեն ինչին այլ կերպ էին նայում: Հիմա, ոնց որ թե ընկալումը փոխվել է: Փոխվե՞լ է:
Չգիտեմ:
Երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով բնակչության մոտ 30 տոկոսը աղքատ է համարվում, մի փոքր շքեղությունն էլ է աչք ծակում: Բայց մեր մոտ «մի փոքր» չէ: Առհասարակ փոքր չէ, քիչ չէ: Այլ չափից ավելի է:
Ու միայն Երևանում չէ: Մարզերում էլ պակաս դրսևորումներ չկան: Ու էլ ավելի ցցուն են:
Ու կյանքը ցույց տվեց, թե ո՛րն է երկրի իրական հարստությունը, ովքեր են երկրի իսկական տերերը: Դա՝ հիմնականում «ծերը ծերին» մի կերպ հասցնող ընտանիքներից ելած այն լուսավոր տղաներն են, որ փորձության պահին կյանքի գնով կանգնեցին երկրի գոյության ու ապագայի համար: Նրանք «թույն» ավտոներ չէին «ճըռռացրել», մի յեսիմ ինչ «բարիքներ» չէին վայելել, իրենց պատանեկությունը կամ ջահել օրերը «նայթ քլաբներում» չէին մաշեցրել… Բայց իրական հարստությունը, էն որ ասում են՝ «երկրի աղը» իրենք են, որ կան:
Իմ ընկալմամբ՝ նրանք բոլորը կա՛ն: Ու լինելու են: Մարդն էդպես կլինի, որ զոհվելուց հետո էլ լինի: Այլ ոչ թե սոսկ լինի, որ չլինելու հաշիվ է, ինչքան էլ «հաշվի վրա» մի քանի զրոյանոց թվեր լինեն:
Իսկ դա՝ այդ ցցուն շքեղությունը թշվառության դրսևորում է: Աղքատության: Հոգո՛ւ աղքատության: Վաղը, մյուս օրը, մարդիկ դա կամ չեն ներելու, կամ մոռացության են մատնելու բուն շքեղությունը, որը ժամանակի հետ կորչելու է՝ գնա, շունուգելի բաժին դառնա, փոշիանա: Չեմ ամում՝ ցնցոտիներով շրջեն կամ չունենան: Էլի թող ունենան, բայց… վաղուցվա ու անհերքելիորեն իմաստուն խոսք է՝ «ինչ պահեցիր՝ կորավ անդարձ, ինչ տվեցիր՝ քեզ համար գանձ»…
Ինձ միշտ հետաքրքրել է՝ ցուցամոլական շքեղությամբ իրենց աղքատությունը դրսևորող «պալատականները» գիտե՞ն, որ իրենք նույնպես մահկանացու են: Մահվան առաջ բոլորը հավասար են՝ ճոխ ու շքեղ պալատում հոգին տան, թե՝ աղքատիկ հյուղակում:
Մինչդեռ այդ շքեղությունների ու ավելորդությունների տեղակ, եթե կամենային, ապա որքա՜ն օգտակար բաներ կկարողանային անել: Մարդկանց համար, բայց ավելի շատ՝ իրենց հիշատակի համար: Անպայման ուզում եք մարդկանց զարմացնե՞լ: Ձեր պալատներով մի զարմացրեք, այլ ձեր լավ, հիշատակի արժանի գործերով, արարքներով: Դուք մի խոսեք, թող մարդիկ ասեն:
Ու սա այն հարցն է, որ խոսելու բան չէ: Անելու բան է:

Արմեն Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել