ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որ տեսել է պատերազմ, լավ գիտի` ինչ բան է պատերազմը և չէր ցանկանա, որ ուրիշներն էլ տեսնեին:


«Միակ դեպքը, երբ պատերազմելն արդարացված է, դա այն դեպքում է, որ դու այլ ելք չունես դրանից բացի: Դու պետք է քո հողը պաշտպանես, քո հայրենիքը:  Մեր ընտրությունը վաղուց ենք կատարել»,-հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Վիեննայից ժամանող օդանավում հարցազրույց տալով հայ լրագրողներին:
 

«Մենք ցանկանում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, որ ավելորդ կորուստներ չունենանք, որևէ պարագայում չեմ համարում արդարացված մեր լավագույն տղաների` հանուն  հայրենիքի զոհվելը: Շատ լավ կլինի, որ նրանք հանուն հայրենիքի գործեն , հանուն հայրենիքի  ապրեն, բայց եթե, նորից եմ կրկնում, եթե խախտեն հրադադարի պայմանները, ուղղակի ստիպված ենք լինելու պատասխանել»,-նշեց ՀՀ Նախագահը:


Սերժ Սարգսյանն ընդգծեց նաև, որ հայկական կողմի համար կարևոր է, որպեսզի համանախագահները մեկ անգամ ևս համոզվեն, որ հայկական կողմի նպատակը ստատուս քվոյի պահպանումը չէ, մեր նպատակը չէ հավերժ պատերազմելը»:


Պատասխանելով լրագրողի հարցին, թե «համաձայնություն կայացե՞լ է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու մոնիտորինգայի սարքավորումների տեղադրման շուրջ» և կարո՞ղ ենք  փաստել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել և համանախագահները և Ադրբեջանի նախագահը ընդունել են, որ անվտանգության ու կայունության հաստատման համար հենց այդ  քայլերը պետք է իրագործեն, Հայաստանի Նախագահն առաջարկեց մեծ ուշադրություն չդարձնել պայմանավորվածությունների ձեռքբերմանը:


«Հաշվի առնելով անցյալի մեր փորձը, ինչպես ասացի` 20 հանդիպում ենք ունեցել, այս հանդիպումների ընթացքում բազմաթիվ բաների մասին ենք պայմանավորվել, բայց Ադրբեջանի նախագահը, վերադառնալով Բաքու , բոլորովին այլ հայտարարություններ է արել»,-նկատեց Սերժ Սարգսյանն ու ավելացրեց` կյանքը ցույց  կտա, թե այս անգամ ինչպես կզարգանան  իրադարձությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել