Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովը շարունակում է քննարկել Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի և կից ներկայցված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողն է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
 
Նա նշեց, որ նախագծի սկզբնական տարբերակում նախատեսված է եղել, որ դիտորդները կարող են օրենքի պահանջների խախտման համար հանձնաժողովի ներկաների երկու երրորդով ընդունված որոշմամբ դուրս հրավիրվել, իսկ հիմա ամրագրել են, որ կարող են դուրս հրավիրվել միայն այն խախտումների դեպքում, որի արդյունքում էապես խաթարվում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, որ ամենապարզ խախտումների համար նման հարց չդրվի:
 
Դավիթ Հարությունյանը հայտնեց նաև, որ ընդունվել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, որ ոչ թե ներկա անդամների ձայների երկու երրորդով որոշվի, այլ ընդհանուր անդամների ձայների երկու երրորդով և նմանատիպ փոփոխություն տեղի է ունեցել նաև դիտորդների հարցում:
 
Ինչ վերաբերում է դիտորդների ստուգարքին, ապա նա նշեց, որ իրենք կարծում են, որ դա անհրաժեշտ գործիք է, սակայն համաձայն են, որ հանձնաժողովի անդամի ստուգարքից այն պետք է տարբերվի:
 
Հարությունյանը շեշտեց, որ արմատական փոփոխություններ են իրականացվել բողոքարկման գործընթացում: «Ինքս էլ շատ գոհ չեմ եղել առաջին ընթերցմամբ ներկայացվող բողոքարկման կանոնակարգումներից և կարծում եմ, որ մեզ հաջողվեց  տալ համակարգային լուծում, որի էությունը հետևյալն է՝ մենք ասում ենք, որ կան ընդհանուր կանոններ և կան մասնավոր կանոններ»,-ասաց նա և նշեց, որ նախատեսում են տեղամասային ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումները բաժանեն երկու տիպի.քվեարկության օրվա ընթացքում, դրա հաջորդ օրը և մինչ այդ ստացած դիմումները:
 
Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ բողոքներ ներկայացնելու ժամկետը երկարացրել են 15,5 ժամով: «Քվեարկության մինչև նախորդ օրը ստացված դիմումներին պետք է պատասխանեն հինգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ քան քվեարկության օրը,իսկ քվեարկության օրվանից սկսած մինչև արդյունքների ամփոփումից երկու օր առաջ դիմումների վերաբերյալ որոշումը պետք է կայացնի մինչև ամփոփումը»,-ասաց նա և նշեց, որ ընտրությունների արդյունքների անվավեր  ճանաչելու մասին համապատասխան հանձնաժողովը դիմում կարող է ներկայացվել ամփոփելու համար օրենսգրքով նախատեսված ժամկետից մինչև երկու օր առաջ՝ երեկոյան ժամը վեցը:
 
«Ինչպես տեսնում եք, մենք առաջարկել ենք բացարձակապես նոր բողոքարկման համակարգ, որը մեր կարծիքով, փակում է բոլոր հնարավոր վիճելի հարցերը: Քանի որ մենք երկարաձգել ենք ժամկետները, համարել ենք նպատակահարմար նաև երկարաձգել ենք ժամկետները վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար»,-ասաց նա:
 
Ինչ վերաբերում է քվեարկության սենյակում գտնվող անձանց թվին, ապա Դավիթ Հարությունյանը նշեց, որ  նախատեսել են, որ եթե քվեարկության սենյակում ընտրողների թիվն այնպիսին է, որ ակնհայտորեն խաթարվում է քվեարկության բնականոն ընթացքը, այդ դեպքում հանձնաժողովի նախագահն իրավունք ունի սահմանափակել նրանց թիվը, բայց ոչ պակաս, քան 15 ընտրող թույլատրելով: Գործող օրենսգրքով քվեարկության սենյակում 15 հոգուց ավելի ընտրող չի թույլատրվում գտնվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել