Այս օրն առաջին անգամ պաշտոնապես տոնում ենք որպես երիտասարդների և ուսանողների օր:
Միջազգայինն արդեն ունի իր տեղն ու պահանջարկը հայ հասարակության շրջանում և ժամանակն էր, որ ունենայինք մերը, որը վստահ եմ նույնպես դառնալու է սիրված ու պահանջված: Օրենսդրական նախագծի համահեղինակներից մեկն եմ եղել, որի ստեղծումից մինչև խորհրդարանի կողմից դրական որոշում ստանալը մի քանի տարի տևեց, բայց, ի վերջո, այն ամրագրվեց մեր պաշտոնական տոնացույցում: Դա և՛ պարտավորեցնում է, և՛ հպարտության անթաքույց զգացում է առաջացնում:
Երիտասարդի դերը հասարակության կյանքում հնարավոր չէ թերագնահատել:
Ա՛յո, երիտասարդը հասարակության ամենադինամիկ շերտն է, ա՛յո, հենց երիտասարդն է լինելու մեր պետության և հասարակության վաղվա թելադրող ուժը և, ա՛յո, պետությունը պատասխանատվություն է կրում երիտասարդի և հասարակության ընթացիկ կարգավիճակի, ֆինանասական բարեկեցության և քաղաքացիական հասարակությունում նրա ճիշտ դիրքորոշման համար:
Ապրիլյան դեպքերը բացառիկ էին, ոչ միայն թշնամու ագրեսիվ պահվածքով, այլև մեր նույնատիպ բացառիկ համախմբվածությամբ և հակահարվածով:
Հենց առաջին օրերից, առանց ուղղորդման, բուհերում և ուսանողական շրջանակներում ինքնաբուխ պրոցեսներ սկսվեցին, արյան նվիրաբերությունից սկսած, սնունդ և անհրաժեշտ այլ պարագաների հավաքագրելուց մինչև կամավորական մեծ ալիքի ստեղծում:
Եվ, իրոք, երիտասարդին հարկ չեղավ բացատրելու իր դերի ու տեղի նշանակության մասին, նա ունի այդ գիտակցումը, հստակ պատկերացնում է, որ ինքն է այն հզոր ու անկոտրուն ուժը, որն ի զորու է կասեցնելու ցանկացած ոտնձգություն, որն ուղղված է մեր երկրի և մեր ժողովրդի դեմ:
Բացառիկ էին վերջին տարիների երիտասարդների ակտիվությունը նաև սոցիալական ցանցերում, որը վաղուց դադարել է միայն ժամանցի վայր լինելուց և, ի ուրախություն, պետք է փաստեմ, որ սոցցանցերից լուրջ ազդակ գնաց, որով տեսանք, որ ունենք քաղաքացիական ձևավորված հասարակություն, որն իր կարծիքն ու դիրքորոշումը ոչ միայն ընդունակ է գրագետ հայտնել վիրտուալ տիրույթում, այլ կարող է համախմբվել և հասարակական գերակա շահ ներկայացնող խնդիրների ժամանակ հաճախ իր վճռական խոսքն ասել:
Այսպիսին է մեր երիտասարդությունն ու ուսանողությունը, ունակ, և՛ սովորել սեփական սխալների վրա, առանց որի հնարավոր չէ գտնել ճշմարիտը, և՛ խոսքից գործի անցնել ցանկացած պահի, ցույց տալ, որ ինքն այս հասարակության և մեր երկրի ամենաակտիվ շերտն է:
Հենց այդպիսին պետք է լինի երիտասարդը, իսկ այս օրը ևս մեկ առիթ և նրանց կարևորելու և շնորհավորելու երիտասարդների և ուսանողների արդեն մեր՝ ազգային տոնի կապակցությամբ: