Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում թեժ իրավիճակի պահպանմանը զուգահեռ հանրության շրջանում լուրջ քննարկումների տեղիք է տվել Ռուսաստանից նոր սպառազինություն ձեռք բերելու հարցը:
Այս իրավիճակում որոշ լրատվամիջոցներ աչքի են ընկնում ոչ ադեկվատ պահվածքով և անբովանդակ հարցեր են ուղղում սպառազինությունների ձեռքբերման խնդրի և դրանք Արցախ տանելու կապակցությամբ: Սրան գումարած՝ «սենսացիոն լուրեր» են գրում, թե ՌԴ դեսպանությունը չի հերքում հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ դեսպանատան երկրորդ քարտուղարը մայիսի 9-ին հայտարարել է՝ «քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ գնալ չի կարող»։
Զարմանալի է` մի՞թե ոմանք մտածում են, թե Ռուսաստանը պետք է հայտարարեր, թե զինամթերք ենք վաճառում ՀՀ-ին, որ տանեն Արցախ: Կամ ո՞ւմ գործն է, թե Հայաստանն իր զենքը որտեղ կօգտագործի, ինչ կանի: Անհայտ է մնում միայն, թե այդ կարգի հարց տվողները ինչ են մտածում կամ ակնկալում: Այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող: