Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով վերակառուցվող Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածի կառուցման մրցույթի հաղթողը չինական «Սինոհիդրո քորպորեյշն» ՍՊԸ-ն է, որը դեռ անցյալ տարեվերջին համապատասխան պայմանագիր է կնքել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ: ՀՀ օրենսդրության համաձայն քաղաքաշինության բնագավառում իրականացվող շինարարությունը, փաստաթղթերի մշակումը և փորձաքննությունը արտոնագրման ենթակա գործունեություն են, որը կարող է կատարել նաև օտարերկրյա պետության տված արտոնագիր ունեցող ընկերությունը:
Չինական այս ՍՊԸ-ն ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման (բացի փորձաքննությունից) գործունեություն է իրականացնում 2015թ. մայիսին Արդյունաբերության և առևտրի հարցերի Պեկինի քաղաքային վարչության տված արտոնագրի հիման վրա:
Հիմք ընդունելով վերոգրյալը, ՀՀ կառավարությունն իր ս.թ. մայիսի 12-ի նիստում ընդգրկված հարցերից մեկի նախագծով մտադիր է «Սինոհիդրո քորպորեյշն» ընկերությանը թույլատրել վերակառուցելու Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը, ինչպես նաև իրականացնել «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» գործունեության տեսակը: Բանն այն է, որ շինարարական աշխատանքի ընթացքում կարող է առաջանալ ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի փոփոխության անհրաժեշտություն:
Ընդ որում, առաջարկվում է թույլտվությունը տրամադրել սույն որոշման նախագծի ընդունման օրվանից մինչև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և չինական ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված կատարողական վկայագրի թողարկման վերջնաժամկետը` 2020թ. օգոստոսի 19-ը:
Այսպիսով, իրավական ակտի ընդունմամբ «Սինոհիդրո քորպորեյշն» ՍՊԸ-ն ձեռք կբերի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով շինարարության իրականացման, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման (բացի փորձաքննությունից) իրավունք և կապահովի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ծրագիրը: