Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Քլարքի համալսարանի (Մասաչուսեթս) պատմության պրոֆեսոր Թաներ Աքչամը Ամերիկայի Հայկական եկեղեցու (Արևելյան) թեմի կողմից արժանացել է «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակի:
 
Ինչպես տեղեկացնում է Massis Post-ը` մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 29-ին Քլիվլենդում, որին հայ եկեղեցու հարյուրավոր  առաջնորդներ են մասնակցել:

«Մեծ պատիվ է ինձ համար ճանաչվել որպես հայ ժողովրդի բարեկամ: Մինչդեռ իշխանությունն է և ոչ թե ճշմարտությունը իշխում քաղաքականության մեջ, հենց ճշմարտությունն է, որ հաղթանակում է կրթության և գիտության ոլորտներում»,  -ասել է Աքչամը:

Ամեն տարի Նյու Յորքում գործող Արևելյան թեմը  շնորհում է «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակը այն անձանց, ովքեր դառնում են հերոս-ջատագովներ ամերիկահայ համայնքի համար:

Թուրք պատմաբան, սոցիոլոգ և հրապարակախոս Թաներ Աքչամն առաջին թուրք ակադեմիկոսներից է, ով ճանաչել ու ընդունել է Հայոց Ցեղասպանությունը: 1976-ին Աքչամին ձերբակալել են և դատապարտել 10 տարվա ազատազրկման, սակայն նրան հաջողվել է փախչել բանտից և տեղափոխվել Գերմանիա, որտեղ նա ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել