Հազարամյակներ շարունակ Հայ Ժողովուրդը մշտապես կենաց-մահու կռիվ է մղել ընդդեմ խավարի ուժերի: Անկախ այդ ուժերի դրսևորման ձևից՝ պարսիկ զավթիչներն են եղել դրանք, թե հռոմեացիները, մահ սփռող մոնղոլ-թաթարներն են եղել, թե արաբները, ակ կամ կարակոյունլուներն են եղել, վաչկատուն սելջուկները, թե օսմանները, Հայը, եթե չի էլ կարողացել հաղթել, ապա գոնե կասեցրել է խավարի ուժերի առաջխաղացումը, ինքնակազմակերպման ու ապրած կյանքի վերաիմաստավորման համար ժամանակ շահելով մնացած մարդկության համար: Ավարայրի ճակատամարտից շատ առաջ և հետո, Սարդարապատից, Մեծ Հայրենականով մինչև մերօրյա, դեռ չավարտված Ղարաբաղյանը, մղված բոլոր պատերազմներում Հայության առջև միշտ նու՛յն, ո՛չ մանր-մունր, տակտիկական հարցեր են ծառացած եղել, այլ գլոբալ-համամարդկային, մեր ենթագիտակցության մեջ հաստատված խավարին ընդդեմ՝ լույսի, չարին հակառակ՝ բարու հաղթանակի, վերջապես մարդու Մարդ մնալու, և անասունի չվերածվելու հրամայականներն են դրված եղել: Մեր մղած բոլոր պատերազմներում, մենք միշտ մենակ ենք եղել: Մենակ, քանզի մնացած մարդկությունը դեռ հասած չի եղել իր լինելիությանը սպառնացող վտանգի գիտակցմանը, նա դեռ մտածելիս է եղել իր շահերի ու օգուտների, կյանքի վայելքների մասին, չտեսնելու է տվել մոտեցող արհավիրքը, կարծելով, թե իրեն չի հասնի, կանցնի կգնա…
Եվ այսօր էլ նույնն է:
Եվ կարգախոսն էլ նույնն է. «ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ Է…»: