Newsarmenia.am-ը գրում է.
Ադրբեջանում` ղարաբաղյան հակամարտության շրջանում աշխատող LifeNews–ի լրագրողները պատմել են, որ ոստիկանությունն ու տեղական ղեկավարությունը մշտապես ճնշում են գործադրել` փորձելով վտարել երկրից։
Սկզբում թղթակիցների հետ ամենուր շրջել են երկու ոստիկաններ, որոնք, սակայն, չեն միջամտել նկարահանող խմբի աշխատանքներին։ Սակայն մի քանի օր հետո նկարահանող խմբին ակնկարկել են, որ նրանք ավելի լավ է գնան Բաքու։
Բացի այդ, նկարահանումներից անմիջապես հետո լրագրողներին տարել են շրջանային ադմինիստրացիա, որտեղ երկու ժամ պահել են դատարկ սենյակում` չտալով որևէ բացատրություն։ Առանձնազրույցից հետո տեղական ոստիկանության պետը բազմաթիվ անգամ ակնարկել է, որ թղթակիցները լավ կանեն հեռանան երկրից։
Միաժամանակ իրավապահները հայտարարել են, որ հենց հիմա խումբը պետք է հեռանա սահմանային գոտուց։ Լրագրողներին միայն թույլատրել են վերցնել իրերը հյուրանոցից, ընդ որում ամբողջ ճանապարհի ընթացքում նրանց հետևել են ոստիկանները։
Հյուրանոցի մոտ նկարահանող խմբին դիմավորել է Ներքին գործերի շրջանային բաժնի պետը, ով ստուգել է ռուսների անձնագրերը։ Իսկ լրագրողների անձնական իրերը թափված են եղել հյուրանոցային համարում, կարծես այնտեղ խուզարկությունից է անցկացվել։
Լրագրողներին ուղեկցել են մինչև Բաքու։ Յուրաքանչյուր շրջանում` մայրուղու ամեն նոր հատվածում, մեքենաները փոխվել են։ Թղթակիցների խոսքերով` նրանց հետևել են մինչև օդանավակայան։
Շփման գծի մոտ, սահմանամերձ գյուղերում LifeNews–ի նկարահանող խումբը միակն էր ռուսական լրագրողներից, և նրանց ամեն ասածն ու եթեր հեռարձակածը ստուգել են Ադրբեջանի ոստիկանության կամ ադմինիստրացիայի աշխատակիցները։