Եվ ահա, երեկ այս հարցի հետ կապված եւս մեկ զարգացում արձանագրվեց. Զուրաբյանը նամակ է գրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Նամակում Լ.Զուրաբյանը ներկայացրել է «4+4+4» ձեւաչափ, ընդ որում՝ այն բնորոշելով որպես բանակցային:
Բայց դե, Լեւոն Զուրաբյանը այլ անուն-ազգանուն կունենար, եթե նրա նամակը չսկսվեր մասնավորապես այսպիսի ձեւակերպմամբ. «Հայաստանում զանգվածային ընտրակեղծարարության վերացման եւ ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտության ապահովման, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ հանրության հավատի վերականգնման նպատակով...»:
Խնդիրն այն չէ, թե մեզանից ով ինչպես է վերաբերվում ՀԱԿ փոխնախագահի, օրինակ, «զանգվածային ընտրակեղծարարության վերացման» ձեւակերպմանը: Դա դեռ մի կողմ: Հարցն այն է, որ Լ.Զուրաբյանն անում է այնպիսի արտահայտություն, որ ինքնին վիճելի է (մեղմ ասած) այն պաշտոնյաների, իշխանության ներկայացուցիչների համար, որոնց հասցեագրված է հիշյալ նամակը:
Եթե հաշվի առնենք, որ այս նախաձեռնության հիմնական խնդիրն Ընտրական օրենսգրքի նախագիծը հնարավորինս լայն համաձայնությամբ վերջնական տեսքի բերելն է, ապա նման վիճելի ձեւակերպումներով կոնտակտի գնալն առնվազն սադրանքի տպավորություն է թողնում:
Բայց կենտրոնանանք նամակի բովանդակության, ավելի ճիշտ, շարունակության վրա: Նամակում Լեւոն Զուրաբյանը նշում է, որ առաջարկում են նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը կառուցել լայն հանրային եւ քաղաքական կոնսենսուսի վրա:
«Որպես նման կոնսենսուսի կառուցման համար առանցքային գործիք, առաջարկում ենք բանակցությունների 4+4+4 ձեւաչափը՝ խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խմբակցությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ իշխող կոալիցիայի, ընդդիմադիր խմբակցությունների եւ քաղաքացիական հասարակության հավասար ներկայացվածությամբ»,- նշված է ՀԱԿ խմբակցության ղեկավարի նամակում:
Նա, մասնավորապես, առաջարկում է, որ իշխող կոալիցիան ներկայացված լինի չորս ներկայացուցիչով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները (կամ ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցությունը) ներկայացնեն մեկական ներկայացուցիչ, իսկ քաղաքացիական հասարակությունը՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հեղինակավոր, ընտրական գործընթացների մասնակցության, վերահսկողության, օրենսդրության բարելավման, դիտորդական առաքելության ակտիվ բազմամյա փորձ եւ միջազգային ճանաչում ունեցող հասարակական կազմակերպությունների կողմից քվեարկությամբ ընտրված չորս ներկայացուցիչ:
Միաժամանակ Լեւոն Զուրաբյանը հայտնում է, որ հասարակական կազմակերպությունների միջեւ տեղի ունեցած խորհրդակցությունների ավարտից հետո՝ 2016թ. մարտի 24-ին, հրապարակվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ընտրված 4 հիմնական եւ 2 փոխարինող անձանց ցուցակը՝ հետեւյալ կազմով. Սոնա Այվազյան (Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն), Լեւոն Բարսեղյան (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ), Տիգրան Եգորյան («Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ), Արտակ Զեյնալյան («Իրավունքի գերակայություն» ՀԿ), Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ, փոխարինող) եւ Ստեփան Դանիելյան («Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ, փոխարինող):
Նամակի վերջում ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշել է. «Նկատի ունենալով ձեր կողմից արված հայտարարությունը, որ իշխանություններն ընդունում են բանակցային առաջարկվող ձեւաչափը, խնդրում ենք կազմակերպել իշխանական կոալիցիայի, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների (կամ ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցության) եւ քաղաքացիական հասարակության վերոհիշյալ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները՝ «Կլոր սեղանի» սկզբունքով»:
Կարելի է չկասկածել, որ իշխանության ներկայացուցիչների արձագանքը երկար սպասել չի տա:
Առհասարակ ընդունելի է, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվի հանրային եւ քաղաքական լայն կոնսենսուսի պայմաններում: Դա, կարելի է ասել, ցանկալի տարբերակ է բոլորի համար: Բայց ամենից առաջ հենց այդ «լայնի» պահով են որոշ հարցեր ծագում՝ նամակով Լեւոն Զուրաբյանի ներկայացրած առաջարկության վերաբերյալ:
Նախ, ՀԿ-ների ներկայացուցիչների պահով: Հասկանալի է, որ ՀԱԿ-ն ամեն դեպքում առավելապես «յուրայինների» պիտի ներկայացներ: Բայց իսկապես էլ հետաքրքիր է, թե ի՞նչ ընդգրկում են ունեցել Լ.Զուրաբյանի նշած «ՀԿ-ների միջեւ կայացած խորհրդակցությունները», ինչպե՞ս եւ ովքե՞ր են քվեարկել: Իսկ եթե, ասենք, իշխանությունը առաջարկի այսինչ կամ այնինչ ՀԿ-ի ներկայացուցչին էլ ընդգրկե՞լ:
Իշխանությանը դեռ հանգիստ թողնենք: Իսկ ընթացքում, վաղը-մյուս օրը որեւէ հասարակական կազմակերպություն, որը «մասնագիտացած» է ընտրությունների հարցում, արդյոք չի՞ բողոքելու, որ «ձեւաչափից» դուրս է մնացել:
Երկրորդ. Լ.Զուրաբյանի առաջարկած տարբերակում իշխող կոալիցիան, այսինքն՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, կազմելու են ձեւաչափի մեկ 4-ը, իսկ ԱԺ-ում ներկայացված ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը՝ մյուս 4-ը:
Բայց այստեղ էլ ենթահարցեր են ծագում, որ նախորդ հարցերից ավելի էական են: Օրինակ, հենց նույն ՀԱԿ խմբակցության կազմում ընդգրկված են առնվազն 5 կուսակցության ներկայացուցիչներ՝ Ստեփան Դեմիրճյան (ՀԺԿ), Լյուդմիլա Սարգսյան (ՍԴՀԿ), Հրանտ Բագրատյան («Ազատություն») եւ Նիկոլ Փաշինյան («Քաղպայմանագիր»): Ըստ որում, նշվածներից առնվազն 3 գործիչ, ըստ էության, օտարված է ՀԱԿ-ից: Հիմա ՀԱԿ-ն ո՞վ է ներկայացնելու այդ «կլոր սեղանի» շուրջ: Հասկանալի է, կներկայացնի Լ.Զուրաբյանը: Բայց հիշյալ առնվազն 3 գործիչների կամ կուսակցությունների բացակայության պայմաններում կարելի՞ է համարել, որ «լայն կոնսենսուս» եղավ:
Ավելին, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավարի ներկայացրած առաջարկության մեջ ո՞ւր են անհետացել արտախորհրդարանական ուժերը: Ինչո՞ւ ԱԺ-ում չներկայացված կուսակցությունները նկատի չեն առնվել: Սա ի՞նչ է, արհամարհա՞նք, թե՞ անուշադրություն: Բայց չէ՞ որ այդ կուսակցություններն էլ ասելիք կունենան նման կարեւոր նախագծի վերաբերյալ: Եվ առանց նրանց ասելիքը հաշվի առնելու կարելի՞ է խոսել «լայն կոնսենսուսի» մասին: Եվ միգուցե այդ ձեւաչափը պիտի «4+4+4+4» լիներ:
Ի լրումն այս հարցերի, այն, որ Լ.Զուրաբյանը շարունակ խոսում է «բանակցային ձեւաչափի», «բանակցությունների» մասին, որոշակի ենթադրությունների տեղիք է տալիս: Մասնավորապես հնարավո՞ր է, որ այս ամբողջ նախաձեռնությունը, «ձեւաչափը» ոչ թե ԸՕ ավելի փոխընդունելի նախագիծ ունենալն է, այլ այդ ամենը մի որոշակի պահից (կամ հենց սկզբից էլ) զուտ քարոզչական նպատակների ծառայեցնելը:
Վերջին հաշվով, մի քանի տարի առաջ, էլի իրենց առաջարկած երկխոսությունն սկսվելուց կարճ ժամանակ անց, բանն ավարտվեց նրանով, որ ՀԱԿ-ը դադարեցրեց գործընթացը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1012799192127834?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել