sajudisԽՍՀՄ նոր ղեկավար Մ. Գորբաչովի կողմից հռչակված «Վերակառուցման» քաղաքականությունն իր արձագանքը գտավ նաև Լիտվայում: Արդեն 1980-ականների վերջին երկրում վերստին ակտիվացավ հասարակական կյանքը: Հասարակական շրջանակներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և անկախության թեմաների շուրջ քննարկումներ սկսվեցին:

1987 թ. օգոստոսի 23-ին «Լիտվայի Ազատության Լիգայի» կողմից Վիլնյուսում առաջին չարտոնված հանհրահավաքը կազմակերպվեց, որի կազմակերպիչներն այնուհետև հետապնդումների ենթարկվեցին: Այդ շրջանում երկրում բազմաթիվ հասարակական նախաձեռնություններ ստեղծվեցին, որոնք զբաղվում էին բնապահպանական և շրջակա միջավայրի աղտոտվածության հարցերով:

Մոտենում էր 1988 թ. փետրվարի 16-ը: Վերջինս Լիտվայի պետականության վերականգման օրն էր: Սովետական իշխանությունն ամեն կերպ փորձում էր ստվերել այդ օրվա նշանակությունը: Ի պատասխան դրա՝ փիլիսոփա Արվիդաս Յուզայտիսը նկարիչների և արվեստագետների համագումարի ընթացքում մի մանիֆեստ ընթերցեց, որը կոչվում էր «Քաղաքական մշակույթը և Լիտվան»: Նրա խոսքով՝ քաղաքական մշակույթն անհնար էր առանց սթափ և բանական մտածողության, ինչպես նաև առանց ինքնիշխանության:

1988 թ. ապրիլին Էստոնիայում «Ժողովրդավարական ճակատ» նախաձեռնությունը ստեղծվեց, որը կոչ էր անում Մերձբալթյան երկրների ժողովուրդներին միանալ հակակոմունիստական պայքարին: 1988 թ. մայիս ամսին Լիտվա են ժամանում էստոնացի ակադեմիկոս Միխայիլ Բրոնշտեյնը և Իվար Ռայգոն, որոնք պատմում են իրենց երկրում առաջացած շարժման մասին: 1988 թ. հունիսի 3-ին հասարակական ակտիվ շրջանակների հանդիպում է տեղի ունենում, որին մասնակցում էր շուրջ 500 մարդ: Թեման պետք է լիներ ԼԽՍՀ-ի սահմանադրության քննարկումը, սակայն քննարկումն անսպասելի ընթացք ստացավ: Քննարկման ընթացքում այնպիսի հարցեր բարձրացվեցին, որոնք մասնավորապես առնչվում էին ստալինիզմի զոհերին: Ոմանք կարծում էին,  որ պետք է ստեղծել նախաձեռնող խումբ, որը կառաջնորդի հանուն «Վերակառուցման» և փոփոխությունների սկսվող շարժումը:  Հենց տեղում ստեղծվեց «Սայուդիս» անունը կրող շարժման նախաձեռնող խումբը, որը բաղկացած էր 35 անդամից: Խմբի ամենահայտնի դեմքերից էին Ռեգիմանտաս Ադոնայտիսը, գրող Վիտաուտաս Բուբնիսը, իրավաբան Յուզաս Բուլավասը, տնտեսագետ Անտանաս Բուրաչասը, երաժիշտ Վիտաուտաս Լանդսբերգիսը և այլք:  Չունենալով սեփական հավաքատեղի՝ նախաձեռնող խումբն ամենա անգամ տարբեր վայրերում էր հավաքվում. հիմնականում գրողների տանը կամ ֆիզիկայի համալսարանում:

1988 թ. հունիսի 8-ին ստեղծվեցին ենթակառուցվածքային հանձնաժողովներ: Հանձնաժողովներն ընդգրկում էին այնպիսի ոլորտներ, ինչպիսիք էին էկոլոգիականը, ազգայինը, սոցիալականը, մշակութայինը և իրավականը: Նշված հանձնաժողովների աշխատանքային խմբերը կարճ ժամանակ անց ներկայացրեցին բավականին լուրջ ծրագրային դրույթներ: Մասնավորապես, խոսքը վերաբերում էր լիտվայերենի ընդունմանը որպես պետական լեզու, ինչպես նաև սեփական պատմության վերականգնմանը, քաղաքական և տնտեսական ինքնավարության ձեռքբերմանը և հատուկ միջոցառումների ձեռնարկմանը, որոնք կկանխեին բնության աղտոտումը:

Իշխանությունն ամեն ինչ անում էր, որպեսզի «Սայուդիսն» անցներ իր վերահսկողության տակ, սակայն շարժման առաջնորդները կարողանում էին խուսափել դրանից: Նրանք իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ պահանջում էին օրինականացնել «Սայուդիսը», ինչը, բնականաբար, իշխանությունը երբեք չէր անի: Տեղեկատվական բլոկադայի պատճառով «Սայուդիսի» մասին բնակչության շրջանում քչերն էին տեղյակ: Այդ իսկ պատճառով շարժման առաջնորդները ձեռնամուխ եղան առաջին անկախ «Սայուդիսի նորություններ» ամսագրի թողարկմանը, որը բավականին հաջողված միտք էր, քանի որ դրա շնորհիվ շարժման մասին նորությունները բավականին լայն տարածում գտան երկրով մեկ: «Սայուդիսի» գաղափարների տարածումը կատարվում էր նաև զանգվածային հրապարակային բողոքի միջացառումների միջոցով: Բողոքի միջոցառումների ժամանակ բարձրացվում էին տարատեսակ հարցեր, որոնք կապված էին մշակութային արժեքների պահպանմանը, լեզվիը, շրջակա միջավայրի աղտոտվածությանը և այլն:

Առաջին ակցիաներից մեկը տեղի ունեցավ Տրակայում: Այն Կոստելա Վիտաուտասի հուշարձանի ապամոնտաժման դեմ էր: Ակցիային շուրջ 500 մարդ մասնակցեց՝ այդ թվում «Սայուդիսի» առաջնորդներից ոմանք: 1988 թ. հունիսի 24-ին տեղի ունեցավ առաջին զանգվածային հանրահավաքը, որին շուրջ 20 հազար մարդ մասնակցեց: Հանրահավաքի ժամանակ հնչեցվեցին իշխանություններին հասցեագրված պահանջները: Դրանց թվում էին ժողովրդավարության իրավիճակի լավացումը, ազգային դպրոցների հիմնումը, կուսակցական ապարատի ազատականացումը:

Լիտվական կոմկուսի գլխավոր քարտուղար Ա.Մ. Բրազաուսկասը հայտարարեց, որ պահանջներից մի քանիսը կկատարվեն: Խոսքը, մասնավորապես, լեզվի և բնապահպանական հարցերին վերաբերող կետերի մասին էր:

Այնուամենայնիվ, իշխանությունը շարունակում էր տեղեկատվական բլոկադայի իր քաղաքականությունը: 1988 թ. հունիսի 29-ին շարժման անդամները լիտվական լրատվական գործակալություններից մեկի շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին՝ իրենց դժգոհությունը հայտնվելով առկա տեղեկատվական բլոկադայի վերաբերյալ: Կազմակերպված բողոքի ակցիայի ընթցքում հարմար առիթից օգտվելով «Սայուդիսի» անդամները «Սայուդիսի նորություններ» ամսագիրն էին բաժանում մարդկանց: Ամսագրում նշված էր հուլիսի 9-ին նախատեսվող հանհրահավաքի մասին: Չնայած այն բանին, որ լրատվական գործակալության աշխատակիցները խոստացել էին հարթակ տրամադրել «Սայուդիսին», այնուամենայնիվ, հուլիսի 9-ի հանհրահավաքի իրազեկումը շարունակվում էր կատարվել հեռախոսազանգերով և փողոցային փոքրիկ ակցիաներով: Չնայած դրան՝ հուլիսի 9-ին 100 հազար մարդ հավաքվեց: Այդ օրը շարժման առաջնորդները որոշել էին, որ այլևս ժամանակն է օրինականացնել լիտվական եռագույնը: Նախապես որոշվել էր այդ օրվա հանհրահավաքի ժամանակ հարթակից լիտվական եռագույնը թափահարել:  Ի պատասխան այդ պահանջի՝ իշխանությունը որոշեց օրինականացնել «Սայուդիսը»: Այդ մասին Բրազաուսկասը հայտարարեց հենց հարթակից: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան նաև «Սայուդիսի» առաջնորդները, որոնք իրենց ելույթներում տարատեսակ հարցերի անդրադարձան: Ս. Գյադաբը հայտարարեց, որ Լիտվան պետք է ինքնիշխան պետություն լինի: Ա. Յուզայտիսը կոչ արեց բոյկոտել կոմունիստական «Պրավդա» թերթը: Զ.Վայշիվալան տեղեկացրեց էկոլոգիական խնդիրների մասին: Հանրահավաքի ընթացքում ընդունվեց մի բանաձև, որով կոչ էր արվում կրեմլյան իշխանությանը Լեռնային Ղարաբաղում տեղի ժողովրդի կամարտահայտության հանրաքվե անցկացնել: Հանրահավաքի ավարտին մարդիկ ազգային երգեր էին երգում և ընթացքում «Սայուդիսի» համար դրամական նվիրատվություններ կատարում: Հուլիսի 9-ի հանհրահավաքը շարժումը «ցեմենտող» ազդեցություն ունեցավ: Դրանից հետո «Սայուդիսը» կառույցներ սկսեց ունենալ Կաունասում և երկրի այլ խոշոր քաղաքներում և բնակավայրերում: Տեղական վայրերում «Սայուդիսի» անդամները տարատեսակ հարցերի շուրջ բողոքի ակցիաներ էին կազմակերպում:  

e56b51df2ce586e584c0491386404a4d

Ընդդեմ  Իգնալի ատոմակայի երրորդ բլոկի կառուցմանը՝ «Սայուդիսը» հուլիսի 15-ին չարտոնված բողոքի ակցիա անցկացրեց, իսկ հուլիսի 20-ից օգոստոսի 2-ը «Լիտվան իմ տունն է» խորագրով հեծանվաերթ կազմակերպվեց: Հեծանվաերթի ընթացքում նաև ստորագրահավաք անցկացվեց, որն ուղղված էր մոսկովյան իշխանություններին: Վերջինովս պահանջ էր առաջ քաշվում դադարեցնել ատոմակայանի երրորդ բլոկի շինարարությունը: Երիտասարդության շրջանում «Սայուդիսն» իր գաղափարները տարածում էր գլխավորապես ռոք փառատոնի միջոցով: 1988 թ. ամռանը Վիլնյուսում, Կաունասում և Լիտվայի այլ խոշոր քաղաքներում բազմաթիվ ռոք համերգներ կազմակերպվեցին: Ի տարբերություն «Սայուդիսի»՝ «Լիտվայի ազատության կոմիտեն» իր պահանջներում ավելի կտրուկ էր: Նրանք միանգամից անկախություն էին պահանջում: Հուլիսի 12-ին չարտոնված բողոքի ակցիա կազմակերպվեց, որը նվիրված էր 1920 թվականի նույն օրը Լիտվայի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրին, ըստ որի սովետական Ռուսաստանն ընդունում էր Լիտվայի անկախությունը: Ակցիան սկսելուց ժամեր առաջ տեղական ոստիկանությունն արգելափակել էր դեպի հրապարակ տանող բոլոր ճանապարհները: Այնուամենայնիվ, բախումներից հնարավոր եղավ խուսափել:  Իշխանությունը հասարակական ակտիվ խմբերի նկատմամբ առկա իր դիրքորոշումը կոշտացրեց՝ սահմանափակելով հավաքների ազատությունների մասին դրույթները: Հուլիսի 26-ին գերագույն խորհրդի առջև տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ շարժման անդամները սովետական իշխանությունների գործողությունները որակեցին որպես «Հակասահմանադրական»:

Շարունակվում էր տարածքային կառույցների բացումը ողջ երկրով մեկ: Օգոստոսի 13-ին ակտիվ խմբեր ձևավորվեցին Անիքշայում, օգոստոսի 15-ին՝ Ռոկիշկիսում, իսկ օգոստոսի 21-ին՝ Ռադվիլիշկասում: Սովորաբար այսպիսի տեղական ակտիվ խմբերը հաստատվում էին խոշոր հանհրահավաքների ժամանակ հենց հարթակում: Քաղաքների և համայնքների ակտիվ խմբերի կորիզը արտադրամասերի աշխատողներն էին, որոնցից կազմվում էր քաղաքային կամ համայնքային «Նախաձեռնող խումբը»:  Օգոստոսի 17-ին ակտիվիստներ Պյատրաս Ցիդզիկասը և Ալգիմանտաս Անդրեյկան Վիլնյուսի Գեդիմինո հրապարակում հացադուլ հայտարարեցին, որպեսզի ուշադրություն հրավիրեն քաղբանտարկյալների խնդրին: Օգոստոսի 26-ին հացադուլը դադարեցվեց, երբ հացադուլավորների և «Սայուդիսի»  անդամների միջև քաղբանտակյալների փրկության կոմիտեյի ստեղծման մասին հռչակագիր ստորագրվեց:

Մոտենում էր օգոստոսի 23-ը՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի կնքման 49-ամյակը: Օգոստոսի 23-ին հանհրահավաք կազմակերպվեց, որին շուրջ 250 հազար մարդ մասնակցեց: Պահանջը մեկն էր՝ չեղյալ հայտարարել Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի՝ Լիտվային վերաբերող գաղտնի մասերը: Հանհրահավաքի ժամանակ «Սայուդիսի» առաջնորդները խոսում էին նացիստների և սովետի կատարած հանցագործությունների մասին:  

Բալթիկ ծովի էկոլոգիական սարսափելի վիճակը ստիպեց «Սայուդիսին» ուշադրություն դարձնել էկոլոգիական խնդիրներին: Սեպտեմբերի 3-ին միավորվելով «Ատգայա» և  «Ժեմինա» բնապահպանական նախաձեռնությունների հետ՝ Բալթիկ ծովի ափին «Եկեք գրկենք Բալթիկ ծովը» խորագրով ակցիան անցկացվեց, որին նաև լատվիացիներ և էստոնացիներ միացան: Ակցիային ընդհանուր առմամբ 100 հազար մարդ էր մասնակցում:

Օգոստոսի 23-ին տեղի ունեցած հանհրահավաքից հետո իշխանությունը  կոշտացրեց իր դիրքորոշումը շարժման նկատմամբ: Ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության դեմ իրականացվող ակցիաների մասին իրազեկելն արգելվեց: Այնուամենայնիվ, սեպտեմբերի 16-18 շարժումը կազմակերպեց «Կյանքի մատանի» խորագիրը կրող բողոքի ակցիաները:

1988 թ. սեպտեմբերի 28-ին «Լիտվայի ազատութկան կոմիտեն» բողոքի ակցիա կազմակերպեց, որն առնչվում էր Մոլոտով-Ռիբենտրոպի պակտին: Ոստիկանությունը բիրտ մեթոդներով ցրեց ցույցը, մասնակիցներին, ինչպես նաև քաղբանտարկյալների համար հացադուլ անող ակտիվիստներին ծեծի ենթարկեց: 1988 թ. հոկտեմբերի 6-ին իշխանությունների կողմից թույլատրվեց օգտագործել լիտվական եռագույնը, իսկ հոկտեմբերի 7-ին Գեդիմանաս ամրոցում տոնական կերպով բարձրացվեց լիտվական եռագույնը: Սեպտեմբերի վերջին «Սայուդիսի» համագումարի նախապատրաստական աշխատանքները սկսվեցին: 1988 թ. հոկտեմբերի 22-23 տեղի ունեցավ «Սայուդիսի» համաժողովը: Համաժողովին մասնակցում էր 1021 պատվիրակ և շուրջ 4000 հյուր: Համաժաղովի ժամանակ ընդունվեց «Սայուդիսի» ծրագիրը, որի հիմնական «մեխը» 9 կետերն էին, որոնք վերաբերում էին պետականության վերականգմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, ժողովրդավարական ընտրություններին, մշակույթի պահպանմանը և այլն: Համաժողովի ժամանակ ներկայացվեցին 171 պատվիրակները, որոնք խոշոր քաղաքների և համայնքների ակտիվ խմբերի կազմակերպիչներն էին: Համաժողովը հեռարձակվում էր հեռուստատեսությամբ: Համաժողովի ընթացքում իրենց ելույթներն ունեցան շարժման առաջներդները, համակիր խմբերի ղեկավարները, ինչպես նաև Լատվիայի «Ժողովրդական ճակատի» առաջնորդներից Յանիս Գալգասը և Էստոնիայի «Ժողովրդական ճակատի» անդամներից Էդգար Սավիսարը: Ելույթ ունեցողները խոսում էին Լիտվայի ինքնիշխանության և Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հետևանքների մասին: Այդ շրջանում իշխանությունների կողմից հրապարակվեց մի նախագիծ ըստ որի՝ փոփոխվում էր սահմանադրության այն հոդվածը, որը  ֆորմալ կերպով երաշխավորում էր պետությունների անկախությունները: Այդ առիթով Ռիգայում «Սայուդիսի», ինչպես նաև Լատվիայի և Էստոնիայի «Ժողովրդական ճակատների» ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի ունեցավ, որի շրջանակներում հայտարարվեց, որ սահմանադրության նմանատիպ փոփոխությունը կենտրոնացված պետություն կստեղծի՝ դրանից բխող բոլոր վտանգներով: Նոյեմբերի 9-ին շարժումն այդ հարցի քննարկման դեմ ստորագրահավաք նախաձեռնեց, որը պետք է տեղի ունենար հաջորդ նստաշրջանի ժամանակ:

Նոյեմբերի 13-ին երկու բանաձև ընդունվեց, որոնցից առաջինը վերաբերում էր ԽՍՀՄ սահմանադրության փոփոխության դատապարտմանը, իսկ մյուսը՝ ԼԽՍՀ սահմանադրությանը: Այդ ընթացքում շարժման կողմից շուրջ 1,7 մլն ստորագրություն հավաքվեց, որոնք ուղարկվեցին Մոսկվա:

1988 թ. նոյեմբերին լիտվայերենը ստացավ պետական լեզվի կարգավիճակ, սակայն իշխանությունները չընդունեցին սահմանադրության փոփոխությունների շուրջ առարկությունները: Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հանհրահավաքի ժամանակ քննադատվեց իշխանությունների կողմից «Սայուդիսի» հանդեպ խոչընդոտներ կիրառելու քաղաքականությունը: Դեկտեմբերի 4-ին որոշում ընդունվեց չճանաչել Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, ինչպես նաև քննարկումներ սկսվեցին հանրաքվեի և  ժողովրդական ընտրությունների մասին: Դեկտեմբերի կեսերին դրամական օգնություն ուղարկվեց դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհ դարձած հայ ժողովրդին: Դեկտեմբերին իշխանությունների կողմից փոփոխվեց ընտրություններին մասնակցելու մասին օրենքը: «Լիտվայի ազատության լիգան» ընդհանրապես բոյկոտում էր ընտրությունները, սակայն «Սայուդիսը» որոշեց մասնակցել: 1989 թվականի սկզբին նախկին կուսակցությունները սկսվեցին վերականգնվել: Վերջիններիս շարքին էին դասվում «Լիտվայի ժողովրդավարական կուսակցությունը», «Կանաչները» և «Սոցիալ-դեմոկրատները»:

Փետրվարի 15-ին շարժման կողմից մի բանաձև ընդունվեց, որում խոսվում էր ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Մարտին արդեն սկսվել էր նախընտրական քարոզչությունը: «Սայուդիսի նորություններ» ամսագիրն իր էջերում ներկայացնում էր շարժման թեկնածուներին: Նախընտրական հանդիպումներն անցնում էին խոշոր քաղաքներում և համայնքներում: Մարտի 26-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ 33 թեկնածու ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր դարձավ: Այդ շրջանում Լիտվայում վերականգնվում էին մշակութային կոթողները: Վերականգնվեց նաև անկախության խորհրդանիշ «Մայր Լիտվայի» արձանը: 1989 թ. մայիսին Էստոնիայի Թալին քաղաքում Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Հայաստանի, Վրաստանի և ԽՍՀՄ այլ երկրների շարժումների ներկայացուցիչները հավաքվեցին: Հանդիպման շրջանակներում խոսվեց Մերձբալթյան երկրների անկախության մասին: 1989 թ. հուլիսի 15-ին «Բալթյան երկրների խորհրդի» կողմից որոշվեց պատմության մեջ նախադեպը չունեցող մի ակցիա կատարել, որը պետք է կրեր «Բալթյան ճանապարհ» անվանումը: Սկսվեցին ակցիայի նախապատրաստման և բնակչության իրազեկման աշխատանքները: 1989 թ. օգոստոսի 23-ին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիները՝ մոտ երկու միլիոն մարդ, շուրջ 600 կմ երկարությամբ կենդանի շղթա կազմեցին՝ միացնելով Թալին, Ռիգա և Վիլնյուս քաղաքները, դրանով իսկ փորձելով աշխարհի ուշադրությունը հրավիրել 50 տարի առաջ նույն օրը կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին, որը Մերձբալթյան երկրների համար ճակատագրական նշանակություն էր ունեցել՝ ԽՍՀՄ կողմին հնարավորություն ընձեռելով օկուպացնել Մերձբալթյան տարածաշրջանը: Ակցիան նաև հստակ նպատակ ուներ. ցույց տալ Մերձբալթյան երկրների ժողովուրդների անկախության ձգտումը: 1989 թ. օգոստոսի 26-ին քննարկում իրականացվեց ԼԽՍՀ գերագույն խորհուրդի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: 1989 թ. սեպտեմբերի 30-ին ստեղծվեց «Բալթյան խումբ» միավորումը, որը պետք է զբաղվեր այդ երկրների անկախության հարցերով:

12042706_967359349980006_4551825698554876915_n

Աշնանը սկսվեց ԼԽՍՀ գերագույն խորհրդի ընտրությունների նախընտրական քարոզչությունը: 1990 թ. փետրվարի 3-ին ներկայացվեցին այն 148 թեկնածուները, որոնք պաշտպանվում էին շարժման կողմից: Մնացյալ կուսակցությունները հայտարարեցին, որ իրենք առանձին չեն մասնակցի ընտրություններին, որպեսզի պառակտում չլինի:

1990 թ. փետրվարի 24-ին ընտրությունների առաջին փուլում շարժման կողմից պատգամավոր դարձավ 72 մարդ, հետագայում այդ թիվը 30-ով ավելացավ: Մարտին նոր ընտրված գերագույն խորհրդում անկախության վերականգման շուրջ քննարկումներ սկսվեցին: 1990 թ. մարտի 11-ի տեղի ունեցած քվեարկության ժամանակ 124 պատգամավոր «այո» ասեց Լիտվայի անկախությանը, և գերագույն խորհրդի կողմից ընդունվեց «անկախության վերականգման մասին ակտը»:

Թվում էր, թե այս մի քանի տարվա պայքարը բավական էր անկախության հասնելու համար, սակայն դա միայն առաջին հայացքից էր այդպես, քանի որ հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ԽՍՀՄ իշխանությունները լրիվ այլ կերպ էին մտածում:

Շարունակելի…….

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել