ՀՀ Ազգային ժողովում մարտի 17-ին պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում:
Արտաշես Գեղամյանն անդրադարձել է գործընկերների ելույթներին եւ կարծիք հայտնել, թե դրանց մեծ մասը կտրված է մեր երկրի տնտեսական իրականությունից: Նա անհրաժեշտ է համարել բարեփոխել հարկային վարչարարությունը ապրանքների ներմուծման գործում:
Ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության եւ ուղղիչ ծառայությունների փոխնախարար Մեթյու Թորիգյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերություններն ակտիվ զարգանում են տարբեր բնագավառներում, այդ թվում նաեւ խորհրդարանական ձեւաչափով:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, հանձնաժողովի անդամներ Կարեն Բեքարյանը եւ Մհեր Շահգելդյանն ընդունել են Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին:
Ողջունելով հյուրին՝ հանձնաժողովի անդամները շնորհավորել են դեսպանին նշանակման առթիվ եւ համոզմունք հայտնել, որ նա իր պաշտոնավարման տարիներին կանի առավելագույնը՝ նպաստելու հայ-լիբանանյան խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ համայնքի կարեւոր դերին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի «Օհանյան» կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները:
Ավանդույթի համաձայն` հյուրերը նախ հետեւել են պատգամավորների օրենսդրական աշխատանքին ու ծավալած բանավեճին: Խորհրդարանական էքսկուրսն ամբողջացրել է բաց դասը, որը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Ազգային ժողովում գործող բարեկամական խմբերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվել են «Ընդդեմ
ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ՝ միջոցառմանն օտարերկրյա խորհրդարանական պատվիրակությունների եւ գործընկերների մասնակցությանն առնչվող խնդիրներ: Գլոբալ ֆորումը նախատեսվում է անցկացնել ապրիլի 23-ին՝ Երեւանում:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 21-23-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 20-24-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Հովհաննես Սահակյանը, Միքայել Մելքումյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը եւ Վահե Էնֆիաջյանը: