PanARMENIAN.Net-ը գրում է.
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանըլիովին ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը հայկական կողմի զոհերի մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտի 11-ին հաղորդել է, թե շփման գծում Աղդամի ուղղությամբ «հայկական կողմի հերթական սադրանքները կանխարգելելու» արդյունքում ադրբեջանական կողմը շփման գծից մեծ խորությամբ «դիրքեր է ոչնչացրել», ինչի արդյունքում «հայկական կողմը կորցրել է զինտեխնիկա և 10-15 զինծառայող»։
«Պաշտպանության բանակն արդեն հերքել է դա, և ապշելու է, որ ադրբեջանական կողմի ֆանտազիաները մինչև հիմա սահմանափակվում էին երեք-չորս զոհերով և հիմա արդեն 10-15 զոհեր էլ չեն խորշում հորինել՝ դրանով ավելի ու ավելի մեծացնելով իրենց ստերն ու իրենց փոսի մեջ գցելով», - ասել է Հովհաննիսյանը:
Անդրադառնալով շփման գծում իրավիճակի լարմանը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նշել է.«Մենք դեռ մի քանի օր առաջ էինք հայտնել, որ ադրբեջանական կողմը բարձրաստիճան հանդիպումներից առաջ և ընթացքում մշտապես լարում է իրավիճակը և նա շարունակում է, ըստ էության, լարել։ Պաշտպանության բանակի հայտնած տվյալներով, դուք տեսնում եք, որ դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել և, ընդհանուր առմամբ, կրակոցների քանակը, զինատեսակները նորից բարձրացել են»։
Իսկ ադրբեջանական կողմի պնդումները, թե հայկական դիրքեր են գրավել, Հովհաննիսյանն ընդհանրապես Ադրբեջանի «ֆանտազիայի բարձրակետը» որակեց. «Դա ընդհանրապես ֆանտազիայի բարձրակետն է»։
«Այս օրերին, ինչպես և կանխատեսվում էր, Ադրբեջանը շարունակում է իրավիճակը լարել։ Հայկական կողմը, ինչպես միշտ, գործում է իր ծրագրերի համաձայն՝ կանխարգելիչ, պատասխանող գործողությունների տրամաբանությամբ», - հայտարարել է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը։
Մարտի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և վերջինիս հասցնելով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը:
Կանխարգելիչ գործողության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:
Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (17 արկ) և 82 (47 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 (4 արկ) ու ՀԱՆ-17 (4 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5500 կրակոց:
Բացի վերոնշյալից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաուբից տիպի հրանոթներ:
Հատկանշական այն հանգամանքը, որ հակառակորդը նշված հրանոթներից անցած գիշեր արդեն հրետակոծության է ենթարկել ոչ միայն Ակնայի (Աղդամի) ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանումների դիրքերը, այլև առաջնային գծից բավականին մեծ խորությամբ գտնվող որոշ տարածքներ, ինչը թերևս, աննախադեպ է 1994թ. մայիսից հաստատված հրադադարի ամբողջ ընթացքում: Նման նախահարձակ գործողություններից կատարվելիք հետևությունը մեկն է՝ հակառակորդը որդեգրել է հակամարտության գոտում իրադրության ապակայունացմանն ուղղված առավել սանձարձակ մարտավարություն, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են նպատակաուղղված և պատժիչ գործողությունների: