Lragir.am-ը գրում է․
Նախագահի նստավայրում ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնագրի ստորագրումից հետո կառավարության կառուցվածքում տեղի ունեցան փոփոխություններ, որպեսզի նախարարություններից մեկը կիսեն եւ նոր պորտֆելը հանձնեն Դաշնակցությանը: Խորհրդարանում նեկայացնելով այս փոփոխությունը, արդարադատության նախարարը դա պարզաբանեց «քաղաքական նպատակահարմարությամբ»: Այսինքն, ոչ թե օրենքով, Սահմանադրությամբ եւ այլն, այլ՝ քաղաքական նպատակահարմարությամբ:

Փաստացի, տեղի ունեցավ իշխանության «ուզուրպացիայի» հերթական ակտը Դաշնակցության համար, եւ ՀՅԴ-ն մաս կազմեց այդ գործընթացին:

Այստեղ տեղին է հիշել 1990-ականների վերջը, երբ ՀՅԴ-ականներին բանտերից ազատ արձակեցին: ՀՅԴ տասնյակ անդամներ բանտարկված էին Դրոյի եւ Վահան Հովհաննիսյան+30 գործերով: Նրանք ազատ արձակվեցին «քաղաքական իրավիճակի փոփոխություն» հիմնավորմամբ: Դա այն ժամանակն էր, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տվել, եւ տեղի էր ունեցել ներիշխանական «թավշյա» հեղաշրջում:

Այսինքն, ՀՅԴ-ի արգելքը հանվեց ոչ թե օրենքի ու Սահմանադրության մասով, այլ՝ «իրավիճակի փոփոխության», առանց արդարացման դատավճռի:

Դրանից հետո ՀՅԴ-ն հայտնվեց իշխանության մեջ, տարբեր կոալիցիաներում, սպասարկելով քաղաքական իշխանության ծրագրերը եւ դրա դիմաց քվոտաներ ստանալով: Այդ ընթացքը շարունակվում է մինչ այժմ:

ՀՅԴ-ականները պնդում են, որ կուսակցության ներսում տարաձայնություններ չկան՝ կապված այս քաղաքականության հետ: Իրականում, վաղուց ՀՅԴ-ից հեռացվել կամ մեկուսացվել են բոլոր նրանք, ովքեր դեմ են եղել ՀՅԴ-ի այս կուրսին: Եվ հատկապես Ղարաբաղում, որը եղել է ՀՅԴ-ի ամենաուժեղ կառույցներից մեկը:

Փաստացի, Հայաստանում հաստատվելուց հետո ՀՅԴ-ն այդպես էլ մնաց «օրենքից դուրս» վիճակում: Տեր-Պետրոսյանն արգելեց այս կուսակցության գործունեությունը, Ռոբերտ Քոչարյանը վերաբացեց «իրավիճակի փոփոխության» արդյունքում, իսկ Սերժ Սարգսյանն էլ ներգրավեց «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով:

ՀՅԴ-ին այդպես էլ չեն «օրինականացնում», առավելագույնը՝ այն մնում է «քաղաքական նպատակահարմարության» տիրույթում: ՀՅԴ-ն ինքը կարծես թե դեմ չէ դրան, դատելով նրա քաղաքականությունից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել