Համաշխարհային տնտեսության ներկա պայմաններում, երբ գործընկեր պետություններում առկա են լուրջ տնտեսական խնդիրներ, Հայաստանի համար էլ ավելի կարևոր է դառնում նոր շուկաների և նոր համագործակցությունների ստեղծումը:
Օրերս ՀՀ պատվիրակությունը գտնվում էր Հնդկաստանում, որտեղ քննարկվել է երկու պետությունների միջև գյուղատնտեսական հարաբերությունների զարգացումը:
Օրակարգում էին գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման, գիտահետազոտական, կրթական, խորհրդատվական համակարգերի միջև
փոխայցելությունների միջոցով կապերի ամրապնդման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև գիտական կառույցների միջև մասնավորապես՝ սերմնաբուծության ոլորտում համագործակցությանը:
Այցելությունը տվեց իր արդյունքը, և երկու կողմերի միջև կնքվեց համաձայնագիր, որի շրջանակում երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունները համագործակցություն կծավալեն բուսաբուծության, գոմշաբուծության և թռչնաբուծության, չորային գոտիներում գյուղատնտեսության կազմակերպման, ոռոգման և ջրի կառավարման համակարգերի ու առաջադեմ տեխնոլոգիաների բնագավառներում փորձի փոխանակման, կաթի արտադրության և վերամշակման, պտղատու ծառերի փոխանակման և այլ առաջնային ուղղություններով: