Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, ով ի դեպ, ընդդիմության ներկայացուցիչ է, անխնա քննադատություններ է ուղղել գործող իշխանությունների հասցեին՝ մեղադրելով վերջիններիս հայերին սատարելու մեջ: Խոսքը մասնավորապես վերաբերում է ջավախքցի գործիչ Վահագն Չախալյանի կողմից հնչեցրած այն հայտարարություններին, որ ՛՛Վրաստանը թուքացվում և ադրբեջանացվում է՛՛: Ադրբեջանցի պատգամավորի խոսքով՝ ՛՛հենց գործող իշխանություններն են բանտից ազատ արձակել Չախալյանին, երկրի թշնամիներին ու այլ դավաճաններին, իսկ պետություն կառուցողներ՝ Վանո Մերաբիշվիլիին, Բաչո Ախալաիային և մյուսներին՝ բանտարկել՛՛:
Սուլեյմանովը կոչ է արել իշխանություններին՝ մասնավորապես երկրի նախագահին և խորհրդարանի ղեկավարին ուշադրություն դարձնել նման ՛՛դրսևորումներին՛՛, ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, որ հաշվի առնելով որոշ հանգամանքներ, չի ցանկանում տեղը դնել պատգամավորին:
Սուլեյմանովը, սակայն հույս է հայտնել, որ կգա ժամանակ, երբ ՛՛Ղարաբաղը կվերադարձվի Ադրբեջանի կազմը, իսկ Վրաստանի օկուպացված տարածքները Վրաստանին՝ և դա տեղի կունենա առանց Չախալյանի և առանց ռուսական տանկերի՛՛:
Սուլեյմանովը, ով Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցության ներկայացուցիչ է, նախկինում ևս՝ իրենց իշխանության տարիներին խիստ ընդգծված հակահայկական հայտարարություններով էր մշտապես հանդես գալիս: Առավել սկանդալային է նա իրեն դրսևորել խորհրդարանում տարբեր տարիներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապրիլքսանչորսյան ուղերձների կամ հայտարարությունների ժամանակ: