Տվյալ դեպքում «փորձված աղվեսը» Ադրբեջանի արտգործնախարար Արազ Ազիմովն է, մի դիվանագետ, ով ԱԳՆ- ում է աշխատում Ադրբեջանի անկախության հռչակումից ի վեր: Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցության ժամանակ նա է ներկայացնում երկրի նախագահին և Ադրբեջանը: Այս Ազիմովը, ըստ Էյնուլայի կայքի, ս.թ. փետրվարի սկզբին Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին և հընթացս պատասխանել ավստրիական «Դի պրեսե» հեղինակավոր կայքի հարցերին:
Հարցազրույցի թեման հիմնականում Սիրիայի իրադրությունն է: Լրագրողուհուն փոխանցելով սունի և շիա մահմեդականների առճակատման խորացման առնչությամբ իր երկրի անհանգստությունը, Ազիմովն իր խոսքը համեմում է առածով՝ իբր, չի կարելի ձիերը կառքից առաջ լծել և պարզաբանում. «Այժմ նախագահ Ասադը Սիրիայի անվտանգության միակ երաշխավորն է: Նրա բանակը իրավական ինստիտուտ է: Մենք ողջունում ենք քաղաքական այն գործընթացը, ըստ որի Ասադը մինչև ընտրություն կմնա իշխանության ղեկին»: (Փակագծում մեջբերենք ընդարձակ հարցազրույցի ևս մի հատվածը, որը վկայում է ադրբեջանցի դիվանագետի «մտավոր կարողությունը»:
Թղթակիցը հարցնում է՝ «Դուք անհանգստացա՞ծ եք Ամալ Քլունիի պատճառով»: Ահա Ազիմովի պատասխանը. «Ամալ Քլունի՞ն: Ես գիտեմ Ջորջ Քլունիին իբրև լավ դերասանի և ռեժիսորի: Կարծեմ իրավաբան Ամալ Քլունին նրա կինն է: Գիտեմ նաև, որ նա Լիբանանում է ծնվել, և որ հայուհի է: Նա ո՞ւմ շահերն է ներկայացնում»: Թղթակիցն ստիպված է լինում հիշեցնել, որ Ամալ Քլունին Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում պաշտպանում է Հադիջա Իսմայլովայի շահերը: Մինչ այդ հայտնի դատապաշտպանին իբր թե չմտաբերող փոխարտգործնախարարը «մոռանում» է այս հանգամանքը և սեփական ձեռքով պոկում դեմքը ծածկող անաչառ դիվանագետի քողը. «Ամալ Քլունին լավ իրավաբան չէ: Նա հայտնի է իբրև Ջորջ Քլունիի կին: Իր տաղանդը դրսևորելու համար նա պետք է գործունեության այլ ասպարեզ ընտրեր»):
Գիշերվա ժամը 1- ի կողմերը կայքում տեղադրելով Ազիմովի այս հարցազրույցը, Էյնուլայի կայքը նույնպես ձիերը կառքից առաջ է լծում, որովհետև հավանաբար պատրաստ պահում էր «հայտնի» քաղաքագետ Էլհան Շահինօղլուի «Ավելի լավ է Ազիմովը լռեր» մեկնաբանությունը: Քաղաքագետը, ով միշտ ասում էր, որ ադրբեջանական դիվանագետները նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորությամբ պետք է աշխատեն հայրենական և արտասահմանյան ԶԼՄ- ների սերտ համագործակցությամբ, Ազիմովի հարցազրույցից հետո հուսահատ բացականչում է՝ նրանք ընդհանրապես որևէ հարցի չպետք է պատասխանեն: Շահինօղլուին այդ հոգեվիճակին է հասցրել այն, որ Սիրիայի վերաբերյալ փոխնախարար Ազիմովի դիրքորոշումը լիովին համընկնում է Ռուսաստանի և Իրանի դիրքորոշմանը: «Մի՞թե մենք այս հարցում պաշտպանում ենք Մոսկվայի և Թեհրանի շահերը»,- վրդովվում է ադրբեջանցի քաղաքագետը: Նրան սոսկալի վախեցնում է, որ Թուրքիան և Արևմուտքը Ռուսաստանի և Իրանի հետ Ադրբեջանը ևս կդասեն Ասադի պաշտպանների շարքը, հանգամանք, որը հղի է վտանգավոր հետևանքներով:
Թե ինչպե´ս է «փորձված աղվես» Արազ Ազիմովը դուրս գալու այս թակարդից՝ ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, նշված կայքը տրամադրված է թույլ չտալ, որպեսզի թակարդի կողպեքը բացվի: